«Հրապարակ» թերթը գրում է. «Նախօրեին, ինչպես արդեն տեղեկացրել ենք, Սերժ Սարգսյանը հանդիպել է «Պատիվ ունեմ» դաշինքի՝ ԱԺ անցած թեկնածուներին։ Մեզ ասացին, որ քննարկվել են անելիքների, առաջնահերթությունների, խորհրդարանական ակտիվության եւ տեխնիկական այլ հարցեր։ Որոշվել է, որ առաջին յոթնյակն ամբողջությամբ պետք է մտնի խորհրդարան, որեւէ մեկին չի ասվել, որ ինքնաբացարկի դիմում գրի, թեեւ ավելի վաղ խոսվում էր, որ մի քանիսը մանդատներից կարող են հրաժարվել՝ հօգուտ նրանցից հետո եկող անձանց, ինչպես, օրինակ, Տարոն Մարգարյանը կամ Իշխան Զաքարյանը։
Որոշվել է, որ խմբակցությունը կղեկավարի Արթուր Վանեցյանը, իսկ խմբակցության քարտուղարի պաշտոնը կանցնի ՀՀԿ քվոտայով պատգամավոր դարձածներից մեկին, թե ում, ասվել է՝ ՀՀԿ-ում կորոշեն»։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունում դեռ աժիոտաժ է տիրում: Բանն այն է, որ խորհրդարանական արտահերթ ընտրություններից հետո ղեկավար կազմից ոչ ոք չի հանդիպել նրանց հետ եւ չի քննարկել հետագա անելիքները կամ ապագան:
Մեր տեղեկություններով՝ իրավիճակը պատգամավորներին դուր չի գալիս նաեւ այն պատճառով, որ նրանցից շատերը մամուլից են իմանում, թե ինչ վերադասավորումներ կարող են լինել:
Առավել եւս ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը այս ընթացքում հետաքրքրություն չի ցուցաբերել իր խմբակցության նկատմամբ:
«Ժողովուրդ» օրաթերթը տարբեր համարներում գրել էր, թե ովքեր են, օրինակ, ԱԺ նախագահի, փոխնախագահի կամ խմբակցության ղեկավարի հավակնորդները:
Օրինակ՝ խմբակցությունում դեմ են, որ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ղեկավարի ֆրակցիան, քանի որ տարբեր մարդիկ նրա հետ կոնֆլիկտ են ունեցել, Արփի Դավոյանին եւս համաձայն չեն՝ նույն հանգամանքից ելնելով, իսկ ինչ վերաբերում է Հայկ Կոնջորյանին, ապա նրան ճամբարափոխ եւ անվստահելի են համարում (վերջինս Էդմոն Մարուքյանի սանիկն է, ԼՀԿ-ից է «Իմ քայլ» տեղափոխվել)»։
«Հրապարակ» թերթը գրում է. «Նոր կառավարությունում Սուրեն Պապիկյանի տեղը՝ ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունում, զբաղեցնելու է շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը: Պապիկյանը նշանակվելու է փոխվարչապետ, իսկ Ռ․ Պետրոսյանի տեղը զբաղեցնելու է Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը: Մարզպետի աթոռին էլ նստելու է Ջրային կոմիտեի նախագահ Կարեն Սարգսյանը: Այս մասին խոսում են Գեղարքունիքի մարզի մերձպաշտոնական շրջանակներում: Սանոսյանը, սակայն, մեր հարցին պատասխանելով, ասաց, թե այդ լուրերը ճիշտ չեն։
Ինչպես հայտնի է, Սուրեն Պապիկյանը ո՛չ հերքել, ո՛չ հաստատել է իր՝ փոխվարչապետ դառնալու մասին լուրերը»։
«Փաստ» օրաթերթը գրում է. «Այս օրերին բավական ակտիվ հետընտրական «շարժի» մեջ են իշխանության մարզային պատգամավորներն ու իշխանական ուժի մարզային ներկայացուցիչները։ Տեղերից պարբերաբար տեղեկություններ ենք ստանում, որ մարզային «կերուխումներն» ու երեկոյան «փարթիները» շարունակվում են ամենօրյա ռեժիմով։
Թերթի տեղեկություններով, այս օրերին ՀՀ գրեթե բոլոր մարզերում իշխանության ներկայացուցիչները տարբեր ֆորմատների հացկերույթներ են կազմակերպում՝ «հացի սեղանների» շուրջ շնորհակալություն հայտնելով իրենց համար աշխատած մարդկանց»։
«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԱԾ պետական պահպանության ծառայության կազմավորման առթիվ Արարատ Միրզոյանը երեկ պարգեւատրել է ՊՊԾ ղեկավար Սարգիս Հովհաննիսյանին, ոլորտի այլ ծառայողների, ինչպես նաեւ իր անվտանգությունն իրականացնող մի շարք աշխատակիցների՝ ի դեմս ԱԺ նախագահի անվտանգության բաժնի պետի տեղակալ Արմեն Վարդանյանի։ Սարգիս Հովհաննիսյանը պարգեւատրվել է ԱԺ նախագահի հուշանվերով»։