Չորս քաղաքական ուժ՝ խորհրդարան անցած «Հայաստան» ու «Պատիվ ունեմ» դաշինքները, ինչպես նաև անցողիկ շեմը չհաղթահարած «Հայոց Հայրենիք» ու «Զարթոնք» կուսակցությունները դիմել են Սահմանադրական դատարան` Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու, մանդատների բաշխման կարգը սահմանելու, ընտրությունների երկրորդ փուլ նշանակելու պահանջով։
Հետընտարական այս զարգացումների, ՍԴ հնարավոր որոշման մասին Armenia Today-ը զրուցել է սահմանադրագետ Գոհար Մելոյանի հետ։
–Տիկին Մելոյան, նախ ինչպե՞ս և ի՞նչ ժամկետներում են ՍԴ-ում քննարկում ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու պահանջով դիմումները:
-Ըստ սահմանադրական օրենքի՝ բացառապես ընտրություններին մասնակցող կուսակցությունները կամ դաշինքները կարող են ընտրությունների արդյունքները չեղարկելու նպատակով դիմել ՍԴ։ Օրենքում քննության ժամկետը հստակ նշված է՝ 15 օր, այսինքն՝ մինչև 15-րդ օրը ՍԴ-ն պետք որոշում է կայացնի։ Քննությունը բանավոր ընթացակարգով է ընթանալու, դատավարության ընթացքում պատասխանող կողմը Կենտրոնական ընտրական հանձնաժողովն է, քանի որ վերջինիս որոշումն է վիճարկվում։ Բացի այդ, անհրաժեշտության դեպքում ՍԴ-ն կարող է որպես հարակից պատասխանող ներգրավել տեղական ինքնակառավարման մարմիններին, որոնց որոշումները կարող էին ներգործել ընտրությունների արդյունքների վրա, կամ որոնք պարտավոր են պահպանել ընտրական իրավունքները։ Օրենքով տարբերակում սահմանված չէ, թե կախված ընտրությունների արդյունքները վիճարկող քաղաքական ուժերի քանակից՝ կարող է որոշման ժամկետը փոփոխվել։
ՍԴ մասին սահմանադրական օրենքը նաև սահմանել է հնարավոր որոշումները, որոնք կարող են կայացվել նմանատիպ գործերում։ Սահմանադրական դատարանում գործընթացը մի քանի զարգացում կարող է ունենալ։ Դրանք են՝ Ազգային ժողովի ընտրությունների արդյունքով ընդունված որոշումը թողնել ուժի մեջ, տարբերակ երկրորդ՝ անվավեր ճանաչել Ազգային ժողովի ընտրությունների արդյունքներով ընդունված որոշումը։ Այս դեպքում կարող է սահմանվել մանդատների բաշխման նոր կարգ կամ նշանակվել ընտրությունների երկրորդ փուլ։
-Ինչպե՞ս կանդրադառնա այդ հայցերի քննարկումը նոր խորհրդարանի և կառավարության ձևավորման աշխատանքի մեկնարկի ընթացքի ու ժամկետների վրա:
-Հստակ սահմանված նորմ չկա։ Սակայն, իմ մեկնաբանմամբ, ԱԺ անդրանիկ նիստը կայանալու է ՍԴ որոշման հրապարակումից հետո, իսկ սահմանված է, որ ԱԺ առաջին նիստը կայանում է որոշման հրապարակումից հետո՝ երկրորդ երկուշաբթի օրը։ Եթե ընտրության արդյունքներն անփոփոխ թողնեն կամ էլ մանդատների բաշխման նոր կարգ սահմանեն, ապա հնարավոր է ՍԴ որոշման հաջորդող երկրորդ երկուշաբթի կայանա ԱԺ առաջին նիստը։
ԱԺ առաջին նիստից հետո ընթացակարգ է սահմանված, որով մեծամասնություն ստացած քաղաքական ուժը ներկայացնում է վարչապետի թեկնածու։ Դրանից հետո սկսվում է կառավարության ձևավորման փուլը։
-Իսկ, ըստ Ձեզ, որքանո՞վ են հիմնավորված քաղաքական ուժերի նշված պահանջները։
-Քաղաքական ուժերի կողմից առնվազն հիմք կա մի շարք հանգամանքներ ՍԴ ուշադրությանը հրավիրել։ Մեր կազմակերպության՝ «Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոնի» միջոցով քվեարկության օրը դիտորդական առաքելություն ենք իրականացրել։ Նշեմ, որ դիտորդական առաքելություն ենք իրականացրել միայն Երևան քաղաքի մի քանի ընտրատեղամասերում, ինչը ինձ հիմք է տալիս ենթադրելու, թե ինչ է կատարվել մարզերում, հատկապես՝ համայնքներում։
Գտնում եմ, որ քաղաքական ուժերը բազմաթիվ փաստական բազա են ունեցել այդ դիմումները ներկայացնելու համար։
–Արդյոք իրատեսակա՞ն է ՍԴ-ի կողմից այդ պահանջների բավարարումը՝ հատկապես հաշվի առնելով նման նախադեպի բացակայությունը։
-Կարող եմ ասել, որ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու պահանջով չորս քաղաքական ուժերի կողմից ՍԴ դիմելու որոշումն աննախադեպ է։ Իմ արձանագրած խախտումներից ելնելով կարող եմ ասել՝ եթե համապետական մակարդակով նման պատկեր ենք ունեցել, այն կարող է էական ազդեցություն ունենալ ընտրությունների արդյունքների և ելքի վրա։ Հուսով եմ, որ ՍԴ-ն սահմանադրական արդարադատություն իրականացնելիս կհիմնվի խղճի, օրենսդրական կարգավորումների և դիմումատուների կողմից ներկայացրած փաստարկների վրա։ Առնվազն բազում հիմքեր կան ընտրությունների արդյունքները կասկածի տակ դնելու և հարցը ՍԴ բարձրացնելու համար։
-Ինչպիսի՞ իրավիճակ կստեղծվի, եթե Սահմանադրական դատարանը բավարարի պահանջները։
-Եթե ՍԴ-ն որոշեց անվավեր ճանաչել ընտրությունների արդյունքները, պետք է ընտրությունների երկրորդ փուլ նշանակվի։ Այս դեպքում ներքաղաքական իրավիճակում լարվածություն կառաջանա։ Հավելեմ, որ ըստ էության՝ ընտրությունների միջոցով փորձ էր արվում ստեղծված ներքաղաքական ճգնաժամին լուծում տալ։
Ես մշտապես դեմ եմ եղել արտահերթ ընտրությունների անցկացմանը։ Եթե իշխող ուժը ցանկանար ճգնաժամը վերացներ, պետք է ինքնակամ հրաժարական ներկայացներ, որովհետև այս հարցում հանրային կոնսենսուս կար։ Ստեղծված իրավիճակում ամենաանցանկալի սցենարներից էր այս ընտրությունը։ Հատկապես, երբ վարչական ռեսուրսները մինչև վերջ գտնվեցին կոնկրետ ուժի ներքո և հնարավորինս շահարկվեցին, ինչին ականատես եմ եղել։ Ուստի, քվեարկության արդյունքում ունեցանք այն ելքն, ինչն այսօր առկա է։