Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Ոստիկանության պետ Վահե Ղազարյանի հետ այսօր վաղ առավոտյան այցելել է Ոստիկանության պարեկապահակակետային ծառայության գունդ: Պարեկային նոր ծառայության ծառայողների ծառայության դուրս գալուց առաջ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել շարային ստուգատեսին: Այս մասին հայտնում են վարչապետի աշխատակազմից:
Վարչապետի պաշտոնակատարը դիմել է ներկաներին՝ մասնավորապես նշել է.
«Հայաստանի Հանրապետության ոստիկանության Պարեկային ծառայությունն այս ձևակերպման կարևորագույն խորհրդանիշներից մեկն է: Այսօր Ոստիկանությունը ներկայանում է նոր կերպարով, տեխնիկական նոր հագեցվածությամբ, մասնագիտական նոր հմտություններով, և սրա արդյունքը պետք է լինի նոր որակի իրավակարգը Հայաստանի Հանրապետությունում, տվյալ դեպքում մայրաքաղաք Երևանում, որովհետև Պարեկային ոստիկանության ծառայությունը սկսում է մայրաքաղաք Երևանից:
Հայաստանի Հանրապետության ժողովուրդը կառավարությանը տվել է իրավունքի և օրենքի դիկտատուրա հաստատելու մանդատ և ՀՀ քաղաքացիները Պարեկային ոստիկանության ծառայության արդյունքում պետք է իրավակարգի, կարգուկանոնի նոր որակ տեսնեն մայրաքաղաք Երևանի փողոցներում: Եվ ահա այս կարևորագույն առաքելությունն է, որ դուք պետք է իրականացնեք: Բայց մենք պետք է արձանագրենք, որ իրավակարգը, օրենքի և իրավունքի դիկտատուրան հաստատվում է ոչ միայն պատիժներով, ոչ միայն սանկցիաներով, այլև քաղաքացիներին ուղղորդելով, աջակցելով, օգնելով, որպեսզի նրանք տեղավորվեն և ճիշտ գործեն տվյալ իրավիճակում, օրենքի և իրավունքի տրամաբանության մեջ: Մյուս կողմից, քաղաքացին պետք է տեսնի, որ իրավունքը և օրենքն իրեն օգնության եկող, աջակցող և ոչ թե իր համար խոչընդոտներ հարուցող երևույթ է: Եվ այստեղ է, որ պետք է տեղի ունենա հանդիպումը, փոխօգնությունը, փոխշահավետությունը»:
Մանրամասները՝ տեսանյութում.