ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի պաշտոնակատար Հայկ Չոբանյանը համաձայն չէ այն կարծիքների հետ, թե հանրային քննարկման դրված օրինագիծը, որով նախատեսվում է չհրապարակել պետական աշխատակիցների գործուղումների նպատակի, քննարկված թեմաների, հանդիպումների, ելույթների, ընդունված որոշումների մասին տեղեկությունները, ոտնահարում է Հայաստանում խոսքի ազատությունը։
Կառավարությունում լրագրողների հետ ճեպազրույցում նա հայտնեց, որ շուտով նախարարությունում այդ հարցերով հանրային քննարկումներ տեղի կունենան։
«Մենք էլ բոլորին կլսենք և կտանք ամենառացիոնալ լուծումը՝ մեր երկրի և ժողովրդի համար»,- հավելեց նախարարի պաշտոնակատարը։
Նրա կարծիքով՝ գնումների մասին տեղեկությունների սահմանափակումները ժողովրդավարությանը դեմ չեն, այլ՝ հակառակը։
Հիշեցնենք, որ e-draft.am կայքում քննարկման են դրվել ՀՀ վարչապետի 2018 թ․ սեպտեմբերի 19-ի թիվ 1230-Ն որոշման, ՀՀ կառավարության 2012 թ․ օգոստոսի 30-ի թիվ 1104-Ն և 2016 թ․ սեպտեմբերի 22-ի թիվ 982-Ն որոշումների մեջ փոփոխություններ կատարելու մասին նախագծերը։ Դրանցից առաջինով նախատեսվում է e-gov.am հարթակում չհրապարակել պետական աշխատակիցների գործուղումների նպատակի, քննարկված թեմաների, հանդիպումների, ելույթների, ընդունված որոշումների մասին տեղեկությունները։
Երկրորդով՝ չներկայացնել մեկ անձից իրականացվող գնումների մասին տեղեկությունները, արտադրական վտանգավոր օբյեկտների ռեեստրը, օգտակար հանածոների և ստորերկրյա հանքային ջրերի արդյունահանման ու երկրաբանական ուսումնասիրության նպատակով ընդերքօգտագործման իրավունք ունեցող ընկերությունների տվյալները:
Բացի այդ, առաջարկվում է gov.travel.am կայքից հեռացնել ավիափոխադրողների, չվերթների, դրանց արժեքի, ամրագրման կոդերի, ուղևորների քանակի վերաբերյալ տեղեկությունները: Այս փաստաթղթերը մշակել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը՝ համագործակցելով ՀՀ ազգային անվտանգության ծառայության հետ։
Մի շարք լրագրողական կազմակերպություններ հայտարարություն էին տարածել՝ մտահոգություն հայտնելով, որ իշխանությունն իր սուբյեկտիվ ընկալումներով և նեղ քաղաքական շահերից ելնելով՝ ներկայացված օինագծով կարգելափակի նաև հանրային հետաքրքրություն և նշանակություն ունեցող տեղեկատվությունը։