Դատական համակարգում անպայման պետք է նոր դատավորներ հայտնվեն՝ կոտրելով փակ շղթան։ Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում նման կարծիք հայտնեց արդարադատության նախարարի պաշտոնակատար Ռուստամ Բադասյանը։
«Դատավոր դառնալու այդ փակ շղթան՝ համակարգի ներսից անընդհատ վերարտադրվելու, հետո դատական դեպարտամենտ գալու, որոշ ժամանակ անց այնտեղից գնալու, դատավոր դառնալու, համակարգի ներսում փոխկապակցվածություն ունենալու այդ փակ շղթան պետք է կոտրվի, և, ինչպես ցանկացած բարեփոխման ժամանակ, այստեղ ևս ապավինում ենք քաղաքացիների օգնությանը, տվյալ դեպքում՝ իրավական համայնքի: Կարծում ենք՝ այդ փակ շղթայից դուրս իրավական համակարգի ներկայացուցիչներ պետք է հայտնվեն դատական համակարգում՝ կլինեն մասնավոր ոլորտից, թե պետական համակարգից»,- նշեց նախարարի պաշտոնակատարը։
Ռուստամ Բադասյանի համար երազանքների դատարանը բարեվարք, պրոֆեսիոնալ դատավորներից կազմված դատարանն է, որտեղ դատական գործընթացներն արագ են տեղի ունենում, և կա բարձր հանրային վստահություն դատական ակտերի նկատմամբ։
Հիշեցնենք, որ Կառավարության նիստում վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով դատավորների թվաքանակը ևս 20 հոգով ավելացնելու նախագծին, ասել էր, որ թարմ հայացք, թարմ ուժեր պետք է ներգրավեն դատական համակարգ՝ ստանալու երազանքների դատական համակարգը։