Կառավարությունը հավանություն տվեց առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանների և վերաքննիչ քրեական դատարանի դատավորների թվակազմն ավելացնելու վերաբերյալ ԲԴԽ առաջարկությանը:
ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Ռուստամ Բադասյանը հայտնեց, որ ԲԴԽ-ն դիմել է առանձին դատարանների դատավորների թվակազմը 20-ով ավելացնելու գործընթաց նախաձեռնելու համար:
«Նախատեսվում է քրեական մասնագիտացման 17 դատավոր ավելացնել ՀՀ առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարաններում՝ Երևանում և մարզերում, իսկ 3 դատավոր՝ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում»,- նշեց Բադասյանը։
«Հույս ունենք, որ այս լրացումներով, համալրումներով մենք կուժեղացնենք դատական համակարգում առկա լավագույն փորձը, և մյուս կողմից՝ թարմ հայացք, թարմ ուժեր կներգրավենք դատական համակարգ՝ ստանալու մեր երազանքների դատական համակարգը, որի որոշումները հենց իրենց բնույթով ու էությամբ կհամարվեն արդարության և արդարադատության մարմնավորում»,- հավելեց Փաշինյանը: