ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանը Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Օլիվեր Վարհեիի հետ հանդիպմանը մանրամասներ է հաղորդել վերջինիս հետ նախօրեին ունեցած առանձնազրույցից։
Գրիգորյանը նշել է, որ անդրադարձել են 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված պատերազմին, ինչպես նաև կորոնավիրուսի համավարակին: «Ուզում եմ նշել, որ Հայաստանը երախտապարտ է Եվրոպական միությանը թե՛ կորոնավիրուսի դեմ պայքարի, թե՛ Արցախի դեմ սանձազերծած պատերազմից տուժած մեր հայրենակիցներին օժանդակելու նպատակով տրամադրված հումանիտար աջակցության համար: Հանձնակատարի հետ քննարկել ենք Արցախի դեմ լայնածավալ ռազմական ագրեսիայի ծանրագույն հետևանքների և հետպատերազմյան իրավիճակի մեղմմանն ուղղված մեր հետագա գործողությունները»,- հայտնել է փոխվարչապետը:
«Հայաստանը հանձնառու է ԼՂ հակամարտության կարգավորմանը բացառապես խաղաղ ճանապարհով, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում»,-նշել է Մհեր Գրիգորյանը՝ ընդգծելով հատկապես նոյեմբերի 9-ի հայտարարության՝ ռազմագերիների մասով կետի կատարումը, ըստ որի՝ հայ ռազմագերները պետք է անհապաղ, առանց նախապայմանների վերադարձվեն հայրենիք։