«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի՝ երկու օր առաջ արած հայտարարությունը, թե պատերազմի օրերին դասալիք բոլոր պաշտոնյաները կազատվեն զբաղեցրած պաշտոններից, Արցախում բուռն քննարկման թեմա է դարձել։ Խնդիրն այն է, որ դասալքությունը քրեորեն պատժելի արարք է, եւ եթե կան դասալիքներ, ապա ԱՀ իշխանությունները պատերազմից 8-9 ամիս անց արդեն պետք է նրանց հայտնաբերած և պատժած լինեին։ Մինչդեռ խոսում են, որ Հարությունյանը, անձամբ իմանալով դասալիքներից շատերի մասին, պատերազմից հետո նրանց հանդուրժում է իրենց պաշտոններում։
Օրինակ՝ Արցախի հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի արդեն նախկին նախագահ Արտակ Միրզոյանը, ով պատերազմի օրերին Երեւանում էր, եւ նրան լուսանկարել էին սրճարաններից մեկում, պատերազմից հետո կրկին Արցախ է վերադարձել և աշխատանքի անցել ՊԲ-ում։
Մեր աղբյուրները հայտնում են նաև, որ Հարությունյանն առաջիկա օրերին կրկին պատրաստվում է Մոսկվա մեկնել, թիմին ասել է՝ վերադառնալուն պես կնախաձեռնի քաղաքական կոնսուլտացիաներ, և պետական կառավարման համակարգում տեղ կզբաղեցնեն նաև ընդդիմադիր, իրենից դժգոհ գործիչները։ Ավելին՝ չի բացառվում, որ մոսկովյան շրջանակների հետ քննարկի նաև ԱՀ-ում նոր ընտրություններ անցկացնելու հնարավորության հարցը»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ իշխանությունները որոշել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակում ընգրկված 143-րդ համար Վիկտոր Եբգիբարյանին դեսպան նշանակել։
Քանի որ անհնար է, որ այդ ցուցակում լինելով՝ նա անցնի խորհրդարան, որոշել են անգործ չթողնել: Մեր տեղեկություններով՝ ամենահավանական երկրները, որտեղ նա կարող է դեսպան նշանակվել, Գերմանիան և Ավստրալիան են:
Չնայած այս որոշումը վերջնական չէ, սակայն հստակ է մեկ բան՝ նրան անգործ չեն թողնի:
«Փաստ» օրաթերթը գրում է. «Գործող իշխանությունների համար խնդրահարույց ոլորտներից մեկը միշտ էլ արտաքին քաղաքականությունն է եղել, իսկ հիմա ընդհանրապես բարձիթողի վիճակում է գտնվում ԱԳՆ-ն։ Քանիցս փաստել ենք այն մասին, որ Նիկոլ Փաշինյանն ուղղակի չի վստահում ոչ մեկին, իսկ արտաքին հարաբերություններին վերաբերող մի շարք կարևորագույն հարցերի մասին ԱԳՆ-ն, կարելի է ասել, նույնիսկ տեղյակ էլ չէր լինում։
Ի վերջո, դիվանագիտական կորպուսն իր վերաբերմունքը դրսևորեց իշխանությունների ցուցաբերած վարքագծի վերաբերյալ, ու հիմա ԱԳՆ-ում խոր անորոշություն է:
«Փաստ» թերթի տեղեկություններով՝ առաջիկայում շատ լուրջ, գրեթե արմատական փոփոխություններ են սպասվում ՀՀ դիվանագիտական կորպուսում։ Ընդ որում, խոսքը նախարարի ու փոխնախարարների նշանակման մասին չէ, ինչը բնական է: Մեր ունեցած տեղեկություններով՝ մոտ 25 դեսպան, որոնք հավատարմագրված են տարբեր առաջատար երկրներում, հետ են կանչվելու, իսկ նրանց փոխարեն նշանակվելու են իշխանության քիմքին հաճելի կադրեր»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Ընտրություններից հետո իշխանությունը ձեռնամուխ է եղել նաեւ թաղապետերին փոխելուն։ Նրանք, ովքեր ընտրություններին չեն արդարացրել իշխանությունների սպասելիքները, պաշտոնանկ են արվում, և նշանակվում են ընտրություններին մեծ «տոկոսներ խփած» «տասովշչիկները»։
Աջափնյակի թաղապետից հետո իշխանությունների թիրախում Նոր Նորքի թաղապետն է, առաջիկայում նա հրաժարական կտա։ Քննարկվում է այդ պաշտոնում նախկին ՀՀԿ-ական Գուրգեն Պողոսյանի թեկնածությունը, ով Սերժ Սարգսյանի ժամանակ ղեկավարել է Նորքի 9-րդ զանգվածի ՀՀԿ նախընտրական շտաբը, Տարոն Մարգարյանի աներձագ Ռոբերտ Սարգսյանի մերձավորն է։ Նրան առաջ է մղում Սուրեն Պապիկյանը»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հանդիպել է արտախորհրդարանական շուրջ մեկ տասնյակ քաղաքական ուժերի ղեկավարների հետ։ «ժողովուրդ» օրաթերթը նկատեց որ հանդիպմանը ներկա չէր Փաշինյանի հավատարիմ «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը, ինչպես նաեւ արտախորհրդարանական ուժեր ԼՀԿ-ի եւ ԲՀԿ-ի ղեկավարներ Էդմոն Մարուքյանն ու Գագիկ Ծառուկյանը։
Մենք տեղեկացանք, որ Մարուքյանն ու Սարգսյանը հրավիրված են եղել հանդիպմանը, սակայն բացակայել են երկրում չլինելու պատճառով, իսկ, ահա, Ծառուկյանը Փաշինյանին հանդիպել էր ընդամենը մեկ օր առաջ և քննարկելու նոր թեմա, այսպես ասած, չի եղել»