«Հրապարակ» օրաթերթը գրում է․ «Մայիսի 27-ին Արա Այվազյանը հրաժարական տվեց, մայիսի 31-ին, ՀՀ նախագահի հրամանագրով, ազատվեց աշխատանքից, և առայսօր Հայաստանն ԱԳ նախարար չունի։ Նախկին նախարարները՝ Արա Այվազյանն ու Զոհրաբ Մնացականյանը, զբոսնում են քաղաքում, վայելում իրենց ազատությունը, իսկ ԱԳՆ-ում բարձիթողի վիճակ է։ Նախօրեին Ադրբեջանում հավատարմագրված դեսպաններն այցելել են Շուշի, և ԱԳՆ-ում չկա մեկը, որ հայտարարություն անի, նոտա տարածի, մեկնաբանություն տա։ ԱԳ նախարարի փնտրտուքը շարունակվում է, մեր տեղեկություններով՝ Փաշինյանը հայտնվել է փակուղում՝ թեկնածու չի գտնում։ Տարբեր անուններ կան՝ Ռուբեն Ռուբինյան, Արարատ Միրզոյան, Մհեր Գրիգորյան, անգամ՝ Դավիթ Տոնոյան։ Վերջինիս նշանակումը հավանության կարժանանար Ռուսաստանի և ԱՄՆ-ի կողմից, սակայն չի ընկալվի հայ հասարակության կողմից՝ պատերազմում պարտության մեղավորին ԱԳՆ բերելը կընկալվի որպես ապագա պարտությունների ազդակ՝ նաև արտաքին ոլորտում։
Արարատ Միրզոյանը հրաժարվել է պաշտոնից։ Մհեր Գրիգորյանն էլ իրեն լավ է զգում «ապաքաղաքականացված» փոխվարչապետի կարգավիճակում՝ հակված չէ գնալ ԱԳՆ ու քաղաքական պատասխանատվություն կիսել։ Մեր հարցին նա պատասխանեց․ «Չեմ կարող մեկնաբանել, կոռեկտ չեմ համարում դա անել, խնդրում եմ՝ մինչև կառավարության ձևավորման պահը դրա հետ կապված որևէ հարցի մեկնաբանություն չակնկալել ինձնից»։ Փնտրվում է թեկնածու, որն «ընդունելի կլինի բոլոր կողմերի և բոլոր ժողովուրդների համար»,- գրում է թերթը։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Քննչական կոմիտեում կադրային փոփոխություններ կլինեն։ Դրան ձեռնամուխ է լինելու նորընտիր նախագահ Արգիշտի Քյարամյանը, որը երեկ նշանակվել է այդ պաշտոնին՝ փոխարինելով Հայկ Գրիգորյանին։ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ այս պահին քննարկվում է Գրիգորյանին Զինվորական դատախազությունում պաշտոն տալու հարցը։
Նա ՔԿ էր եկել բանակից, կրկին կվերադառնա, իսկ մինչ այդ Քյարամյանը կադրային փոփոխություններ կանի, և վարչությունների ներսում աշխատակիցների մեծ մասը շունչները պահած սպասում են իրենց ճակատագրին։ Տեղեկացնենք, որ, մեզ հասած տեղեկություններով, Քյարամյանը մտադիր է վարչությունների ներսում փոփոխություններ անել և տեղակալների կամ օգնականների պաշտոններում նշանակել իր վստահելի մարդկանց»։
«Փաստ» оրաթերթը գրում է․ «Փաստ» թերթի տեղեկություններով, իշխանությունները մտադիր են նորից վերադառնալ սահմանադրական փոփոխություններին, բայց այս անգամ խոսքը խորքային, արմատական փոփոխությունների մասին է, մեր աղբյուրների փոխանցմամբ՝ գրեթե նոր Սահմանադրության։ Մասնավորաբար, խոսքը վերաբերում է կառավարման մոդելի փոփոխությանը՝ անցում կատարելով կիսանախագահական կառավարման համակարգին։ Մեր աղբյուրների փոխանցմամբ, դեռևս ոչ պաշտոնական մակարդակով, այս օրերին իշխանությունների հետ աշխատող իրավաբանական շրջանակները լծված են հարցի դետալային ուսումնասիրության գործընթացին։ Փաշինյանը մտադիր է սահմանադրական հանրաքվեն անցկացնել մինչև այս տարվա վերջ, սակայն դա ֆիզիկապես, կարծես, հնարավոր չէ, ուստի քննարկվում է ամենաուշը 2022 թվականի գարնանն այն կյանքի կոչելու հնարավորությունը: Ի դեպ, մեր տեղեկություններով, իշխանության մեջ կան նաև այնպիսիք, որոնք հորդորում են անցում կատարել ոչ թե կիսանախագահական, այլ լիարժեք նախագահական կառավարման մոդելին։ Եթե իշխանություններին հաջողվի նշյալ ժամկետներում հանրաքվե կազմակերպել ու «անցկացնել» սահմանադրական իրենց փոփոխությունները, ապա, ամենայն հավանականությամբ, եկող տարի կարող ենք նոր ընտրություններ ունենալ, այս անգամ՝ նախագահական»։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը հանգստյան օրերին հանդիպում է ունեցել ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ: Ըստ մեր տեղեկությունների՝ Փաշինյանը որոշել է թիմին անձամբ ներկայացնել խորհրդարանի նոր կազմին ԱԺ նոր նախագահի, փոխնախագահների թեկնածուներին, խմբակցության ղեկավարին ու քարտուղարին: Իշխանական մեր աղբյուրները փոխանցում են, որ իշխանական ֆրակցիան, կարելի է ասել, համակերպվել է ՔՊ վարչության անդամների որոշման հետ, քանի որ խմբակցության համաձայնությանը չեն էլ սպասել, որոշել են ու եկել ներկայացրել: Իմքայլականների մի ստվար զանգված այդքան էլ կողմ չի եղել հատկապես ԱԺ փոխնախագահներ Ռուբեն Ռուբինյանի եւ Հակոբ Արշակյանի թեկնածությունների հետ, բայց քանի որ ոչ մի ձևով չեն կարողացել որոշման վրա ազդել, լուռ համաձայնել են: Նիկոլ Փաշինյանն ասել է թիմին, որ այս անգամ խորհրդարանը պետք է ավելի զգոն ու զգաստ լինի, քանի որ այլ ընդդիմություն է օրենսդիր մարմին մտնում:
«Իրավունք» թերթը գրում է. «Հունիսի 20-ին տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո` 10 աշխատանքային օրվա ընթացքում, ԿԸՀ-ն պարտավոր է վճարել ընտրական հանձնաժողովի բոլոր անդամներին, հանձնաժողովի քարտուղարներին եւ նախագահներին: Պարզվում է` մինչ օրս ԿԸՀ-ն որևէ լումա հանձնաժողովի անդամներին չի փոխանցել: «Իրավունքի» հետ զրույցում հանձնաժողովի անդամներից մեկը նշեց, որ դիմել է «ՎՏԲ» բանկ` գումարը ստանալու նպատակով, սակայն բանկից նշել են, որ ԿԸՀ-ի անփութության պատճառով մինչ օրս ԿԸՀ-ն համապատասխան ցուցակները բանկին չի փոխանցել»։
Մանրամասները՝ թերթերի այսօրվա համարներում։