Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Քննչական կոմիտեի կոլեգիայի անդամներին և աշխատակազմին է ներկայացրել ՔԿ նորանշանակ նախագահ Արգիշտի Քյարամյանին:
Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ՔԿ արդեն նախկին նախագահ Հայկ Գրիգորյանին վերջին երեք տարիների ընթացքում կատարած աշխատանքի համար:
«Ուզում եմ ընդգծել, որ պարոն Գրիգորյանի մասնագիտական և մարդկային հատկանիշները շատ բարձր եմ գնահատում և պիտի ասեմ, որ մենք արդեն խոսել ենք՝ պարոն Գրիգորյանի ներուժը կներառվի պետական կառավարման համակարգում, այդ հարցն առաջիկայում կքննարկենք և որոշում կկայացնենք»,- ասել է վարչապետի պաշտոնակատարը:
Իր հերթին, ՔԿ նորանշանակ նախագահ Արգիշտի Քյարամյանը ևս շնորհակալություն է հայտնել Նիկոլ Փաշինյանին ու կառավարությանը՝ երկրի համար կարևոր ժամանակահատվածում այս պատասխանատու պաշտոնը վստահելու համար: Արգիշտի Քյարամյանը շնորհակալություն է հայտնել նաև Հայկ Գրիգորյանին՝ համատեղ աշխատանքի համար:
«Պարոն վարչապետ, վստահեցնում եմ՝ Քննչական կոմիտեի առջև ծառացած յուրաքանչյուր խնդիր լուծվելու է արագ, արդյունավետ և օրենքի տառին համապատասխան»,- նշել է Արգիշտի Քյարամյանը: