«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակում ընդգրկված պատգամավորների թեկնածուներ Վիկտոր Ենգիբարյանն ու Նազելի Բաղդասարյանն առաջարկում են պատգամավորի գործունեության համար սահմանված ամսական 50 հազար դրամ փոխհատուցումը դարձնել 250 հազար դրամ։
Նախագիծը նեռառված է ԱԺ վաղվա արտահերթ նիստում։
Իշխանական պատգամավորները իրենց հիմնավորման մեջ նշում են, որ օրենքի ընդունումից՝ 2013 թվականից հետո չի վերանայվել այդ դրույթը, մինչդեռ անցած ժամանակահատվածում տեղի է ունեցել համապատասխան ծախսերի էական ավելացում:
Բացի այդ, օրինագծի հեղինակների, 2015 թվականի Սահմանադրության փոփոխություններով Հայաստանն անցում է կատարել խորհրդարանական կառավարման համակարգի՝ Ազգային ժողովի, ինչպես նաև պատգամավորների լիազորությունների և գործառույթների շրջանակի ընդլայնմամբ:
«Հաշվի առնելով, որ 8-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավորների ընդհանուր թիվը 107 է, որը 25-ով պակաս է 7-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավորների ընդհանուր թվից (132) և տարեկան հաշվարկով պետության ծախսերը ոչ թե ավելանում են, այլ պակասում մոտ 17,7 մլն դրամով (8-րդ գումարման Ազգային ժողովի 25 պատգամավորի և նրանց օգնականների տարեկան վարձատրության ընդհանուր գումարը ներկայումս կազմում է մոտ 274,5 մլն դրամ, իսկ նախագծով առաջարկվող կարգավորմամբ 8-րդ գումարման Ազգային ժողովի 107 պատգամավորի տարեկան վճարվող գումարը կկազմի 256,8 մլն դրամ)»,- ներկայացրել են նրանք։
Օրենքի նախագիծը կյանքի կոչելով՝ ակնկալվում է, որ պատգամավորական գործունեության հետ կապված ծախսերի համար հատկացվող գումարի ավելացումը կապահովի պատգամավորների գործունեության լիարժեք իրականացումը և ըստ այդմ՝ կնպաստի Ազգային ժողովի և նրա մարմինների գործառույթների ու լիազորությունների պատշաճ իրականացմանը:
Հավելենք՝ առաջարկվում է նաև, որ փոփոխությունն ուժի մեջ մտնի Ազգային ժողովի հաջորդ գումարման երկրորդ նստաշրջանի բացման օրվանից։