Տիգրան Արզաքանցյանի շտաբում մեկնաբանել են մամուլում հրապարակված այն տեղեկությունները, թե Արզաքանցյանի որոշ համախոհների, ովքեր աշխատել են իր մարզային շտաբներում, աշխատավարձ չեն ստացել:
«Հայաստանի դեմոկրատական կուսակցության Արմավիրի եւ Գյումրիի շտաբների աշխատակիցների հայտարարություններն այն մասին, որ նախընտրական քարոզչության ընթացքում կազմակերպչական աշխատանքների ժամանակ իրենք վարձատրություն չեն ստացել, չի համապատասխանում իրականությանը»: Այս մասին Armenia Today-ի թղթակցի հետ զրույցում ասել է ՀԴԿ-ի նախկին վարչապետի թեկնածու Տիգրան Արզաքանցյանի մամուլի խոսնակ Տիգրան Հովհաննիսյանը։
Նա նշեց, որ բոլոր այն մարդիկ, ովքեր նախընտրական քարոզչության ընթացքում իրենց գործունեության համար աշխատանքային պայմանագրեր են կնքել, ստացել են իրենց գումարները, իսկ վերջնական հաշվարկները դեռ կատարվում են։
«Այդ մարդիկ, ովքեր նման սադրիչ հայտարարություններ են անում, որոնք իրավական հիմքեր չունեն, կանխավճար են ստացել կուսակցությունից, և ենթադրում ենք, որ դրանք ծախսել են իրենց կարիքների համար, իսկ այժմ իրենց ամպագոռգոռ պնդումներով փորձում են նորից գումարներ կորզել։ Դա, փաստորեն, կարելի է որակել որպես խարդախություն, ինչը միանշանակ քրեորեն պատժելի է։ Այդ մարդիկ, ովքեր հանդես են գալիս աղմկոտ հայտարարություններով, պարզապես փորձում են ինչ-որ նպատակներով սևացնել քաղաքական գործիչ և գործարար Տիգրան Արզաքանցյանի բարի անունը՝ կատարելով այլ ուժերի պատվերները»,-ամփոփեց Արզաքանցյանի մամուլի քարտուղարը։