Վրաստանում չորս հեռուստաալիքներ մեկ օրով դադարեցրել են հեռարձակումը՝ ի նշան լրագրողների նկատմամբ բռնության։ Ալիքների խմբագրությունները նաև պահանջել են վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հրաժարականը:
Հեռարձակման փոխարեն «Պիրվելի», «Մթավարի արխի», «Ֆորմուլա» և «Կավկասիա» հեռուստաալիքները սև ֆոն են ցուցադրում, հաղորդում է«Sputnik Грузия»-ն: Այն թվարկում է հուլիսի 5-ին ԼԳԲՏ կողմնակիցների և հակառակորդների բախումների ժամանակ տուժած 53 լրագրողների, օպերատորների եւ լուսանկարիչների անուններն ու ազգանունները:
Այդ օրը Թբիլիսիում պետք է գեյ-շքերթ տեղի ունենար, սակայն այն չեղարկվել է։ Սկսվելուց առաջ պահպանողականները հարձակվել են վրացական լրատվամիջոցների լրագրողների վրա, որոնք ծրագրել էին լուսաբանել միջոցառումը. վերջիններիս վրա նետել էին շշեր և քարեր։
Ի թիվ այլոց, տուժել է «Պիրվելի» հեռուստաալիքի օպերատոր Ալեքսանդր Լաշկարավան։ Նա ստացել է դեմքի ոսկորների կոտրվածքներ, նրան վիրահատել են և «բավարար առողջական վիճակում» դուրս գրել հիվանդանոցից։ Ավելի ուշ տղամարդուն մահացած են գտել իր բնակարանում։ Լաշկարավայի մահվան ֆոնին Վրաստանում բազմահազարանոց բողոքի ակցիաներ են անցկացվել՝ պահանջելով վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հրաժարականը: