Պատգամավորների ծախսերի գումարի շեմը բարձրացվեց․ խորհրդարանականներն ամսական 50 000 դրամի փոխարեն կծախսեն 250 000։ Նախագիծն ԱԺ արտահերթ նիստի ժամանակ առաջին ընթերցմամբ ընդունվեց։
Նշենք, որ ԱԺ արտահերթ նիստում քննարկվեց իմքայլական պատգամավորներ Վիկտոր Ենգիբարյանի և Նիկոլայ Բաղդասարյանի ներկայացրած «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը, որով առաջարկվում է պատգամավորական գործունեության հետ կապված ծախսերին հատկացվող ամսական 50 հազար դրամը դարձնել 250 հազար դրամ:
Օրինագծի համահեղինակ Վիկտոր Ենգիբարյանի խոսքով՝ այս փոփոխությունը բխում է հանրային լավագույն շահից։
Նա ընդգծեց, որ այս նախագծի՝ կյանքի կոչվելու դեպքում ուժեղանալու է պատգամավորի ինստիտուտը։
Օրինագծի համահեղինակների հիմնավորմամբ՝ օրենքի ընդունումից՝ 2013 թվականից հետո չի վերանայվել այդ դրույթը, մինչդեռ անցած ժամանակահատվածում տեղի է ունեցել համապատասխան ծախսերի էական ավելացում:
Ակնկալվում է, որ պատգամավորական գործունեության հետ կապված ծախսերի համար հատկացվող գումարի ավելացումը կապահովի պատգամավորների գործունեության լիարժեք իրականացումը, և ըստ այդմ՝ կնպաստի Ազգային ժողովի և նրա մարմինների գործառույթների ու լիազորությունների պատշաճ իրականացմանը:
Հավելենք՝ առաջարկվում է նաև, որ փոփոխությունն ուժի մեջ մտնի Ազգային ժողովի հաջորդ գումարման երկրորդ նստաշրջանի բացման օրվանից։