Բանտարկում են նրանց, ովքեր զենքը ձեռքին պաշտպանել են մարզի բնակիչների անվտանգությունը։ Այս մասին ասված է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի տարածած հայտարարության մեջ։
«Ադրբեջանի նախագահի՝ Հայաստանի նկատմամբ սպառնալիքներ պարունակող վերջին հայտարարությունից անցել է բավական ժամանակ, և հանրությունը սպասում էր, որ պետության անունից կհնչի համարժեք պատասխան: Դա՛ է պահանջում պետության շահը: Ցավոք, դա հերթական անգամ տեղի չունեցավ:
Միջազգային հարաբերություններում չի հարգվում վախվորածությունը և անհստակությունը: Հայաստանին և հայ ժողովրդին ուղղված սպառնալիքները պահանջում են կոշտ և հստակ արձագանք: Հայաստանը պետք է դրսևորի բավարար կամք՝ պաշտպանելու իր տարածքային ամբողջականությունը և ժողովրդի արժանապատվությունը:
Ցավալի է փաստել, բայց քանի դեռ Հայաստանը ղեկավարում է պատերազմում պարտված ղեկավարը, այս ստորացուցիչ պատկերը շարունակվելու է:
Ավելին, դրա հետ միաժամանակ, իշխանությունները, իրենց թերարժեքության բարդույթով պայմանավորված, ձերբակալում են Սյունիքի համայնքապետերին: Բանտարկում են նրանց, ովքեր զենքը ձեռքին պաշտպանել են մարզի բնակիչների անվտանգությունը»,- նշել է Ռոբերտ Քոչարյանը։
Հիշեցնենք, որ կալանավորվել է Սիսիանի համայնքապետ Արթուր Սարգսյանը:
Հավելենք, որ կալանավորված է Սյունիքի 5 համայնքապետ` Մեղրի համայնքի՝ օրերս հրաժական ներկայացրած ղեկավար Մխիթար Զաքարյանը, Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանը, Որոտանի համայնքապետ Սուրեն Օհանջանյանը և Քարահունջի ղեկավար Լուսինե Ավետյանը։
Գորիսի համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի նկատմամբ հարուցված քրեական գործերի մի մասով Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում պիտի սկսվեր դատավարությունը, սակայն, նիստը հետաձգվեց 15 օրով։