«Հրապարակ» թերթը գրում է․ «Այս տարվա մարտիմեկյան հանրահավաքին Նիկոլ Փաշինյանը խոսեց կառավարման համակարգի փոփոխության, մասնավորապես կիսանախագահական կառավարման անցնելու մասին` նշելով, որ աշնանը սահմանադրական փոփոխություններ են իրականացնելու․ «Ի վերջո՝ կիսանախագահական կառավարման համակարգի անցնելը հնարավոր տարբերակներից մեկը պետք է լինի։ Այս գործընթացը մենք պիտի իրականացնենք ԱԺ-ի, կառավարության, նախագահի, քաղաքական ուժերի և քաղաքացիական հանրության հետ սերտ համագործակցության պայմաններում: Այս հայտարարությունից 4 ամիս է անցել, սակայն սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովը նիստ չի արել։ Իշխանական աղբյուրների փոխանցմամբ՝ այս թեման ժամանակավորապես կսառեցվի, որովհետև մարտին բոլորովին այլ ներքաղաքական իրավիճակ էր, արտահերթ ընտրությունների հարցը մշուշոտ էր, և Փաշինյանի հայտարարության իրական նպատակը կրքերը հանդարտեցնելն ու ընդդիմության գլխի տակ փափուկ բարձ դնելն էր, թե՝ համբերեք, աշնանը մոդել կփոխենք, ընտրություն կանցկացնենք։
Վերարտադրվելուց հետո այդ հարցն այլևս օրակարգում չէ՝ պառլամենտական երկրի վարչապետի կարգավիճակից ավելի հաճելի բան չկա, իսկ նախագահական մոդելի մասին կխոսեն, երբ կբարդանա պաշտոնավարելը, կամ իրենց աթոռներին ինչ-որ վտանգ կսպառնա»:
«Փաստ» օրաթերթը գրում է. «Հայաստանում ջրի հարցը գնալով դառնում է անհանգստացնող։ Թերթի տեղեկություններով, խնդրի կարգավորման ճանապարհին այս օրերին իշխանությունները փորձում են վերահսկողություն սահմանել և հստակեցումներ մտցնել մասնավորաբար ՀԷԿ-երի ոլորտում՝ փորձելով ստուգել դրանց օգտակար գործողության գործակիցը։ Հիմնական ուսումնասիրության նպատակն այն է, թե որոշակի ծավալի ջրի օգտագործման արդյունքում ինչքան էներգիա է ստեղծվում և որքանով է օգտակար ջրի օգտագործումն այդ կոնտեքստում։ Մեր տեղեկություններով, սակայն, առաջին հերթին ուսումնասիրվում են այն ՀԷԿ-երը, որոնք այս կամ այն կերպ ասոցացվում են «նախկին» իշխանությունների ներկայացուցիչների կամ նրանց մերձավորների հետ»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Ռոբերտ Քոչարյանը դարձել է Հայկ Մարությանի փրկօղակը։ Գաղտնիք չէ, որ Փաշինյանն ու թիմը ցանկանում են ազատվել «կարգին» քաղաքապետից, ինչի մասին նույնիսկ հայտարարեց Փաշինյանի խորհրդական, այժմ՝ աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը։ Սակայն իշխանական թիմում հասկացել են, որ նոր ընտրություններ նշանակելով՝ կարող են կորցնել Երեւանը, որովհետեւ, չնայած ՔՊ-ն Երեւանում հաղթել է, բայց իրենց ու «Հայաստանի» ձայների տարբերությունը մեծ չէ, ու որքան էլ որ Խաչատուր Սուքիասյանն ուզենա այդ պաշտոնն օր առաջ զբաղեցնել, նոր ընտրությունը ռիսկային է՝ քոչարյանականները կարող են մոբիլիզացնել իրենց ուժերն ու հաղթել։ Իսկ ավագանու միջոցով պաշտոնանկ անել Մարությանին չեն ուզում, որովհետև հարմար թեկնածու չկա ցուցակում։ Ավելին՝ ասացին, որ Փաշինյանը հիմա փորձում է հարաբերությունները հարթել Մարությանի հետ։ Այն ձեռքը, որ չես կարողանում կտրել, պաչի՝ դիր ճակատիդ․ ասում է ժողովրդական ասացվածքը»։
Մանրամասները՝ թերթերի այսօրվա համարներում։