Ուզում եմ ընդգծել, որ մենք հստակ դիրքորոշում ունենք սահմաններին ստեղծված իրավիճակի վերաբերյալ։ Ես Անվտանգության խորհրդի նիստում առաջարկ եմ արել։ Խոսքը վերաբերում է զորքերի հայելային դուրսբերմանը, վերադարձին մշտական տեղակայման վայրեր։ Մենք հիմա նաև բանակցում ենք այդ ուղղությամբ։ Այս մասին Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի հայտարարություններին, քաղաքականությանն ու հակասություններին՝ կապված խաղաղության հաստատման հետ։
«Ադրբեջանն անընդհատ ուզում է կեղծ տպավորություն թողնել, թե Հայաստանը դեմ է խաղաղ բանակցություններին, խաղաղությանը, սահմանազատմանը։ Այսօր էլ վերահաստատում եմ՝ մենք ողջունում և պատրաստակամություն ենք հայտնում՝ գործել ըստ ԵԱՀԿ մինսկի ապրիլի 13-ի հայտարարության»,- ասաց Փաշինյանը՝ միևնույն ժամանակ շեշտելով Ադրբեջանի հայատյաց քաղաքականության մասին։
«Հարևանների նկատմամբ ունեցած ատելության շարքում Ադրբեջանի համար Հայաստանն առաջին տեղում է»,- ասաց Փաշինյանը։
Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը, անդրադառնալով Ալիևի հայտարարություններին, նշեց․
«Անհրաժեշտ է ձեռնպահ մնալ ագրեսիվ հռետորաբանությունից, որպեսզի հնարավոր լինի անդրադառնալ բոլոր բաղադրիչներին և տարրերին, որոնց անհրաժեշտ է անդրադառնալ։ Ես վաղը նաև հանդիպում ունեմ Ադրբեջանի նախագահի հետ, և ես կփորձեմ տեսնել, թե ինչ կառուցողական և դրական դեր կարող է խաղալ ԵՄ-ն Մինսկի խմբին սատարելու հարցում»,- նշեց նա։