«Հայաստան» դաշինքը վերցնելու է պատգամավորական մանդատները։ Այս մասին Armenia Today-ին տեղեկացրեց «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու, ՀՀ ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։
Նա նշեց, որ մանդատները վերցնելու վերաբերյալ հայտարարությամբ հանդես կգան։
Ավելի վաղ «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայտարարել էր, որ մանդատը չի վերցնի և խորհրդարան չի գնա։
Արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքներով՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել է 71 մանդատ, «Հայաստան» դաշինքը` 29, «Պատիվ ունեմ» դաշինքը` 7։ Նշենք, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել էր 658 761 ձայն կամ ընտրողների ձայների 53.91%–ը, «Հայաստան» դաշինքը ստացել է 269 481 ձայն կամ 21.09%-ը, «Պատիվ ունեմ» դաշինքը` 66 650 քվե կամ 5.22%։
Հիշեցնենք, որ չորս քաղաքական ուժ՝ խորհրդարան անցած «Հայաստան» ու «Պատիվ ունեմ» դաշինքները, ինչպես նաև անցողիկ շեմը չհաղթահարած «Հայոց Հայրենիք»ու «Զարթոնք» կուսակցությունները դիմել են Սահմանադրական դատարան Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու կամ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու և մանդատների բաշխման կարգը սահմանելու կամ էլ ընտրությունների երկրորդ փուլ նշանակելու պահանջով։
Սահմանադրական դատարանն էլ որոշել է ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2021 թվականի հունիսի 27-ի «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2021 թվականի հունիսի 20-ի արտահերթ ընտրությունների արդյունքներն ամփոփելու մասին» թիվ 184-Ա որոշումը թողնել ուժի մեջ։ Որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։