Ընդդիմադիր՝ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքներն առաջադրելու են ԱԺ փոխնախագահի մեկ թեկնածու։ Այս մասին Armenia Today-ին ասաց «Հայաստան» դաշինքի առաջին համար Իշխան Սաղաթելյանը։
Նա նշեց, որ այս հարցում դեռ վերջնական որոշում չունեն, բայց միասնական թեկնածու են առաջադրելու։
Իշխան Սաղաթելյանը չմեկնաբանեց հարցը, թե հնարավոր է ինքը լինի ընդդիմադիր դաշինքների ԱԺ փոխխոսնակի միասնական թեկնածուն։
Հավելենք, որ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանն ասել էր՝ ճիշտ կլինի, որ ԱԺ ընդդիմադիր փոխխոսնակը լինի «Պատիվ ունեմ» դաշինքից։
«Պատիվ ունեմ» դաշինքն ունենալու է ընդամենը մեկ հանձնաժողովի նախագահի տեղակալ և փաստացի ԱԺ խորհրդում ներկայացված է լինելու ընդամենը մեկ ներկայացուցչով՝ ԱԺ-ում իրենց խմբակցության ղեկավարը: Ես կարծում եմ, որ ընդդիմության համար հավասար պայմաններ ստեղծելու համար մենք պետք է քննարկենք այս անգամ ԱԺ փոխխոսնակ ունենալու հնարավորությունը երրորդ խմբակցությանը տալու հարցը»,- լրագրողների հետ զրույցում նշել էր Սիմոնյանը;
Հիշեցնենք՝ ՔՊ-ն ընտրություններին ստացել էր քվեարկողների 54,55% ձայները՝ ըստ այդմ ձեռք բերելով 68 մանդատ։
Խորհրդարան են անցել նաև «Հայաստան» դաշինքը՝ 26 մանդատով և «Պատիվ ունեմ» դաշինքը՝ 7 մանդատով։