Այսօր կառավարության նիստի ժամանակ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը նշեց, որ տարածաշրջանի բոլոր տրանսպորտային և տնտեսական կոմունիկացիաները պետք է բացվեն, և ինչպես Հայաստանն Ադրբեջանի տարածքով պետք է հաղորդակցություն ունենա դեպի Իրան, այդպես էլ Ադրբեջանը պետք է Հայաստանի տարածքով հաղորդակցություն ունենա Նախիջևան, Վրաստան, Իրան։ Armenia Today-ի հետ զրույցում ապաշրջափակման հնարավորությունների ու այս հարցում նաև Իրանի դիրքորոշմանն է անդրադարձել իրանագետ Գարիկ Միսակյանը։
«Եթե անդրադառնանք տրանսպորտային ապաշրջափակման վերաբերյալ Իրանի Իսլամական Հանրապետության ընդհանուր դիրքորոշմանը, ապա Իրանը սկզբունքորեն դեմ չէ։ Իրանական կողմում բավականին դրական են նայում հատկապես Նախիջևանի տարածքով Հայաստանն Իրանին կապող երկաթուղու հնարավոր շինարարությանը, ինչը նաև տնտեսական առումով են ձեռնտու համարում։ Ի դեպ՝ կան տեսակետներ, որ այդ երկաթուղին պետք է, այսպես կոչված, Զանգեզուրի միջանցքից ավելի շուտ գործարկվի։ Այն Հայաստանի համար ևս կարող է տնտեսական առումով շահավետ լինել, եթե, իհարկե, մնացած միջանցքների, սահմանների, Սյունիքի և մնացած ամեն ինչի հետ կապված խնդիրները լուծվեն»,- ասաց իրանագետը։
Անդրադառնալով ապաշրջափակման ռիսկերին նախ Իրանի տեսանկյունից՝ Գարիկ Միսակյանը հավելեց․ «Եթե խոսենք մնացած միջանցքների, մասնավորապես, այսպես կոչված, Զանգեզուրի միջանցքի հետ կապված խնդիրների վերաբերյալ Իրանի դիրքորոշման մասին, ապա պետք է նշենք, որ իրանական կողմը հայ-իրանական սահմանի խափանման որևէ փորձի մասին բավականին կոշտ է արտահայտվում։ Այսինքն, եթե, այսպես կոչված, Զանգեզուրի միջանցք է լինելու, և այն լինելու է միջանցք, որը մեր վերահսկողության տակ չի լինելու, ապա իրանական կողմը նշվածին որպես իր համար սպառնալիք ու հայ-իրանական սահմանի հնարավոր խափանման միջոց է նայում»։
Իրանագետի խոսքով՝ այս առումով բազմաթիվ հայտարարություններ են եղել իրանական կողմից․ «Առհասարակ իրանական կողմը, այսպես կոչված, ապաշրջափակմանը դրական է նայում այն տեսանկյունից, որ նախ իր համար տարանցման ուղիներ են առաջանալու դեպի հյուսիս, նաև որոշ ուղղություններ շրջանցելու են թուրքական պետությունները։ Բացի այդ, իրանական կողմը դրան նայում է որպես երկրի հյուսիսում ռազմական գործողություններից խուսափելու միջոց։ Այսինքն, իրանական կողմը բավականին բացասական է նայում ռազմական գործողությունների վերսկսմանը»։
Ինչ վերաբերում է ՀՀ-ին՝ իրանագետը նշեց․ «Կարծում եմ՝ Հայաստանի տեսանկյունից նախ պետք է լուծվեն մեր սահմանի անվտանգային խնդիրները մեր սահմանի ամբողջ երկայնքով, կարելի է ասել՝ Սյունիքից մինչև Գեղարքունիք, և հետո նոր խոսվի որևէ ապաշրջափակման կամ տնտեսական ուղիների բացման մասին»։