Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սաիդ Խաթիբզադեն հինգշաբթի հայտարարել է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության վերականգնմանն աջակցելու Թեհրանի պատրաստակամության մասին:
Խաթիբզադեն մտահոգություն է հայտնել Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանային հակամարտությունների շարունակման կապակցությամբ՝ երկու կողմերին կոչ անելով զսպվածություն ցուցաբերել:
Իրանի ներկայացուցիչն ընդգծել է հակամարտության խաղաղ կարգավորման որոնման անհրաժեշտությունը:
Կոչ անելով երկու պատերազմող կողմերին հարգել միջազգայնորեն ճանաչված սահմանները՝ Խաթիբզադեն հայտարարել է, որ Իրանը պատրաստ է ցանկացած օգնություն ցուցաբերել տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման համար:
Հիշեցնենք, որ հուլիսի 28-ին՝ ժամը 3:40-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները հերթական անգամ դիմել են սադրանքների և խախտել հրադադարի ռեժիմը հայ-ադրբեջանական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում: Ըստ ՀՀ պաշտպանության նախարարության տվյալների՝ տեղի են ունեցել լոկալ մարտեր։ Ժամը 08:30-ի դրությամբ հայկական կողմը ունի երեք զոհ: Առավոտյան ժամը 9։20-ի դրությամբ ադրբեջանական ստորաբաժանումները, կորուստներ կրելով, հետ են շպրտվել ելման դիրքեր։ Ավելի ուշ ՊՆ-ում հայտնել են, որ Ռուսաստանի խաղաղապահ ուժերի հրամանատարության միջնորդությամբ պայմանավորվածություն է ձեռք բերվել հայ-ադրբեջանական շփման գծում հրադադարի ռեժիմի վերականգնման վերաբերյալ: