ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Պետական սահմանի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը:
Նախագծով առաջարկվում է արգելել սահմանային շերտում առանց թույլտվության օգտագործել անօդաչու թռչող սարքեր, տեսալուսանկարահանել սահմանակից պետության տարածքը, սահմանային շերտում տեղակայված ինժեներական կառույցները, արգելափակոցները, սահմանապահ զորքերի կողմից օգտագործվող շենք-շինությունները, դիտաշտարակները, տրանսպորտային միջոցները:
Ըստ օրենքի հեղինակների՝ ներկայիս օրենքով կանոնակարգված չէ Հայաստանի պետական սահմանի սահմանային շերտում տեսալուսանկարահանող սարքերի և անօդաչու թռչող սարքերի օգտագործումը, ինչը կարող է խիստ բացասական անդրադառնալ երկրի պետական սահմանի պաշտպանության վրա:
Ուստի, սահմանային շերտում տեսալուսանկարահանող սարքերի, այդ թվում՝ անօդաչու թռչող սարքերի օգտագործման համար որոշակի սահմանափակումներ կիրառելու անհրաժեշտություն կա:
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանի խոսքով՝ սահմանների փոփոխմամբ պայմանավորված՝ բազմաթիվ դեպքեր են գրանցվում, երբ քաղաքացիների, զբոսաշրջիկների կողմից կիրառվում են թռչող սարքեր, լուսանկարահանվում, տեսանկարահանվում են, տարբեր մեկնաբանություններ են արվում սահմանային շերտերի վերաբերյալ, ինչն առաջացնում է լուրջ խնդիրներ։
Պատգամավորը նշեց, որ սահմանային շերտում ընդունված կանոնների խախտման համար սահմանվել է տուգանք՝ նվազագույն աշխատավարձի մինչև 100-պատիկի չափով։