ԱԺ-ն վերջին նիստում առաջին ընթերցմամբ ընդունեց ՀՀ քրեական օրենսգրքում և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին նախագիծը, որով առաջարկվում է քրեականացնել հանրային ծառայողին վիրավորելը:
Առաջարկվում է հանրային ծառայողին հայհոյելու կամ զրպարտելու համար սահմանել տուգանք՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով:
Փաստաթղթի նախնական տարբերակը սահմանում է, որ անձին ծանր վիրավորանք հասցնելը՝ հայհոյելը կամ նրա արժանապատվությունն այլ ծայրահեղ անպարկեշտ եղանակով վիրավորելը պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով:
Բացի այդ, նախատեսվում է նաև, որ վերոնշյալ արարքը կամ անձի վերաբերյալ ծանր վիրավորանք պարունակող նյութեր տարածելը, որը կատարվել է հրապարակային եղանակով կամ էլ անձի հանրային գործունեությամբ պայմանավորված, պատժվում է 500 հազարից 1 մլն դրամի չափի տուգանքով։
Եթե այս գործողությունները միևնույն անձի նկատմամբ պարբերաբար են կատարվել, ապա տուգանքը 1-3 մլն դրամ է կամ կալանք՝ 1-3 ամիս ժամկետով։