Մենք դատապարտում ենք, մասնավորապես, Ադրբեջանի ներկայացուցիչների վերջերս արած հայտարարությունները, այսպես կոչված, «Արևմտյան Զանգեզուրի» մասին, և Հայաստանի Հանրապետության տարածքը որպես Ադրբեջանի «բուն հող» հիշատակումները։ Նման հայտարարությունները չափից ավելի անպատասխանատու են և սպառնում են տարածաշրջանային անվտանգության հետագա խափանմամբ։ Այս մասին ասվում է Եվրախորհրդարանի Հարավային Կովկասի հետ հարաբերությունների գծով պատվիրակության ղեկավար Մարինա Կալյուրանդի, Հայաստանի հարցերով Եվրոպական խորհրդարանի մշտական զեկուցող Անդրեյ Կովաչևի, Ադրբեջանի հարցերով զեկուցող Ժելյանա Զովկոյի համատեղ հայտարարությունում։
«Մենք ցավում ենք հուլիսի 28-ին ադրբեջանական զորքերի հետ Գեղարքունիքի մարզի սահմանին բախումների ժամանակ զոհված երեք հայ զինծառայողի մահվան համար։ Մեր խորին ցավակցությունն ենք հայտնում նրանց ընտանիքներին։
Ցավոք, վերջին ամիսների ընթացքում սա ընդամենը մեկն է միջադեպերի կամ սադրանքների շարքից, ներառյալ միջպետական սահմանի խախտումները, որոնք սկսվել են մայիսի 12-ին Հայաստանի տարածք ադրբեջանական զորքերի ներթափանցմամբ։ Պակաս անհանգստացնող չէ վերջին օրերին Նախիջևանի հետ սահմանին տեղի ունեցած փոխհրաձգությունը, երբ զոհվել է ևս մեկ հայ զինվոր։
Մենք կոչ ենք անում երկու կողմերին հետևել հրադադարի ռեժիմին ևձեռնպահ մնալ ցանկացած սադրանքից։
Ցանկացած հնարավոր տարաձայնություն սահմանի վերաբերյալ պետք է լուծվի բանակցությունների ճանապարհով սահմանազատման և սահմանագծման գործընթացում, այլ ոչ թե ուժի և միակողմանի գործողությունների կիրառման ճանապարհով։
Բոլոր ուժերը պետք է հեռանան դեպի այն դիրքերը, որոնք զբաղեցված էին մինչև մայիսի 12-ը և հրադադարի մասին եռակողմ հայտարարության դրույթներին համապատասխան։ Իրավիճակի ապաէսկալացման համար չափազանց կարևոր է անհապաղ դադարեցնել սադրիչ հռետորաբանությունը։
Այս համատեքստում մենք դատապարտում ենք, մասնավորապես, Ադրբեջանի ներկայացուցիչների վերջին հայտարարությունները, այսպես կոչված, «Արևմտյան Զանգեզուրի» վերաբերյալ, և Հայաստանի Հանրապետության տարածքը որպես Ադրբեջանի «բուն հող» հիշատակումները։ Նման հայտարարությունները չափազանց անպատասխանատու են և սպառնում են տարածաշրջանային անվտանգության հետագա խափանմամբ։
Մենք հիշեցնում ենք, որ ԵՄ-ը հավատարիմ է վստահության ամրապնդման և ցանկացած հարց բանակցությունների սեղանի շուրջ լուծելու միջոցների աջակցմանը, այդ թվում՝ հակամարտության ամուր կարգավորման և Լեռնային Ղարաբաղի ապագա կարգավիճակի մասին բանակցությունների վերսկսման միջոցով ,- նշվում է հայտարարությունում։