Հին Թաղերը, Խծաբերդը և Դիզափայտը չեն հանձնվել, այլ ապօրինաբար գրավվել են ադրբեջանական հարձակման արդյունքում։ Այս մասին այսօր խորհրդարանում ասաց ԱԺ նախագահի տեղակալի թեկնածու Ռուբեն Ռուբինյանը՝ պատասխանելով «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր Տիգրան Աբրահամյանի հարցին։
Աբրահամյանը, մասնավորապես, հիշեցրել է, որ նոյեմբերի 9-ի փաստաթուղթը ստորագրելուց մեկ ամիս հետո Ադրբեջանին են հանձնվել լրացուցիչ տարածքներ Կովսականում, Սանասարում, ինչպես նաև Հադրութում՝ Հին Թաղեր, Խծաբերդ, Դիզափայտ։ Նա նշել է՝ արդյո՞ք պատերազմի վտանգի սպառնալիքի մեծացման դեպքում չի գործելու այդ վատ նախադեպը և պատերազմի սպառնալիքի հիմնավորման տակ նոր տարածքներ չեն հանձնվելու Ադրբեջանին։
«Այժմ այդպիսի բան հնարավոր չէ այն պարզ պատճառով, որ մենք կանգնած ենք ՀՀ սահմանին, և դա որոշակի երաշխիքներ է ենթադրում, այդ սահմանը նաև ՀԱՊԿ սահմանն է, ինչը, սակայն, չխանգարեց, որ Սև լճի տարածքում և Գեղարքունիքի մարզում տեղի ունենան հայտնի իրադարձությունները»,- ասաց Ռուբինյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։