«Հրապարակ» թերթը գրում է. «Քաղպայմանագրի» նորընտիր խմբակցությունում ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահների ընտրության հարցը խորացրել է ներկուսակցական հակասությունները, թայֆաների բաժանված իշխանականների հարաբերությունները սրվել են։
Անցած անգամ ՔՊ վարչությունն էր՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, ընտրել ԱԺ ղեկավար կազմին, ապա ներկայացրել խմբակցությանը։ Այս անգամ Փաշինյանը որոշել է դեմոկրատիա խաղարկել, եւ հանձնաժողովների նախագահների ընտրությունը կազմակերպվել է խմբակցությունում, սակայն շատերը կարծում են, որ «տակից» ուղղորդվել է, թե ում որ հանձնաժողովի նախագահությունը վստահեն։
Օրինակ, շատերի համար հանելուկ է մնացել, թե ինչպես է Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի հանձնաժողովի նախագահի թեկնածուների մեջ ամենաշատ ձայները ստացել Մխիթար Հայրապետյանի կուրսեցին՝ Վաղարշակ Հակոբյանը, որը համարվում է Արարատ Միրզոյանի թիմակիցը»։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն այս ժամանակահատվածում իր որեւէ թիմակցի հետ հանդիպում չի ունենում եւ չի շփվում։ Նկատենք, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքներով՝ ԲՀԿ-ն հավաքեց գրեթե չորս տոկոս ձայն, չկարողացավ հաղթահարել անցողիկ շեմը եւ իր գոյության պատմության մեջ առաջին անգամ խորհրդարան չմտավ։
Դրանից հետո ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը հայտարարել էր, թե կուսակցությունը չի պասիվանալու եւ իր թիմակիցներին աշնանը ակտիվանալու կոչ էր արել։ Սակայն «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ԲՀԿ-ն որոշել է պասիվ մնալ եւ անգամ չմասնակցել աշնանը կայանալիք որեւէ ՏԻՄ ընտրության։ Դա է պատճառը, որ կուսակցությունում անգործության շրջան է, եւ ԲՀԿ-ականներն անգամ իրար հետ լայն ֆորմատով հանդիպումներ չեն ունենում»։
«Հրապարակ» թերթը գրում է. «Համապետական ընտրությունների անցողիկ շեմը չհաղթահարած Էդմոն Մարուքյանի «Լուսավոր Հայաստանն» ակտիվ աշխատանքներ է սկսել առաջիկա ՏԻՄ ընտրություններին մասնակցելու համար։ Խոշոր քաղաքներում արդեն թեկնածուներ են ընտրել, որոնք կառաջնորդեն կուսակցական ցուցակները եւ կլինեն ԼՀԿ-ի քաղաքապետի թեկնածուները։
Գյումրիում, օրինակ, ցուցակը կգլխավորի Սարիկ Մինասյանը, որը 7-րդ գումարման խորհրդարանում ԼՀԿ խմբակցության պատգամավոր էր։ Վանաձորում ընտրությունը գնալու է Մարուքյանի եղբոր՝ Քրիստ Մարուքյանի, եւ կրկին նախկին պատգամավոր Հրանտ Այվազյանի թեկնածությունների շուրջ։ Հրազդանում էլ կառաջադրեն Արշավիր Խաչատրյանին, որը ԼՀԿ Կոտայքի տարածքային կառույցի ղեկավարն է»:
«Փաստ» օրաթերթը գրում է․ «Նիկոլ Փաշինյանը սկսել է կառավարության ձևավորման պրոցեսը: Արդեն հայտնի է, որ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդգրկված չի լինի գործադիրում:
Փաստի տեղեկություններով՝ ամենայն հավանականությամբ, Ավինյանը կնշանակվի «Անիվ» ՈւՎԿ-ի միակ բաժնետեր ու մասնակից՝ գյուղական վայրերում փոքր և միջին ձեռնարկատիրության խթանման «Անիվ» հիմնադրամի գործադիր տնօրեն»։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ պետական եկամուտների կոմիտեն խնդիրներ է առաջացրել քաղաքացիների համար. տեւական ժամանակ է, ինչ ՊԵԿ-ը եկամտահարկի վերադարձ չի կատարում: «Ժողովուրդ» օրաթերթն արդեն մի քանի օր է, ինչ այս խնդրի շուրջ դժգոհություններ է ստանում քաղաքացիներից:
Նրանց պատմելով՝ մարդիկ կան, որոնք 20 օր է՝ դիմում են գրել՝ եկամտահարկի փոխանցման պահանջով, բայց ավելի քան 2 ամիս է, ինչ եկամտահարկը չի փոխանցվում:
Իսկ երբ քաղաքացիները զանգահարում են ՊԵԿ եւ փորձում պարզաբանում ստանալ, չի հաջողվում, հեռախոսազանգերն անպատասխան են մնում: Մինչդեռ նախկինում այս գործընթացը՝ փաստաթղթերից մինչեւ եկամտահարկի փոխանցում, տեւել է մոտ 5 օր»։