Որևէ մեկի մտքով չանցնի՝ մենք «ռուպեռները» մոռացել ենք և վերցրել ենք մանդատը։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը։
«Այս պահին երկու ընդդիմադիր ուժեր ունեն խորհրդարանական մանդատ և իշխանությանը թույլ չեն տալու հակառակորդի հետ բանակցի այն, ինչ ուզում է։ Մեր մեջ Նիկոլ Փաշինյանի հետ սուրճ խմողներ չկան։ Այդպիսի մարդիկ մեր մեջ չկան, որ Նիկոլ Փաշինյանի հետ սուրճ խմեն, հետո լեգիտիմացնեն նրա հակահայ գործունեությունը։ Մի ձեռքով կարող ենք խորհրդարանական վերահսկողություն իրականացնել, մյուսով՝ կազմակերպել բոլոր ցույցերը, որոնցից սարսափում են իշխանությունները»,- ասաց նա։
Անդրադառնալով շրջանառվող տեղեկություններին, թե «Պատիվ ունեմ» դաշինքը հնարավոր է կոնսենսուսի գնա իշխանության հետ` Մամիջանյանն արձագանքեց․ «2018 թվականից սկսած ՀՀԿ-ն եղել է ամենառադիկալ ընդդիմությունը։ Չկա որևէ քաղաքական կուսակցություն, որը նույնչափ բովանդակային ընդդիմություն է եղել, որքան ՀՀԿ-ն։ Իսկ Արթուր Վանեցյանը եղել է առաջին բարձրաստիճան պաշտոնյան, ով հրաժարականից հետո բարձրաձայնել է անվտանգային խնդիրների մասին, որոնք ծառացած են ՀՀ-ի առջև»,- նկատեց նա։
Մամիջանյանի խոսքով՝ իրենց լռեցնելն անհնար է։
«Իշխանությունն ապօրինաբար զավթած մարդիկ լսելու են իրենց հասցեին այն, ինչին արժանի են։ Մեզ բնում խեղդողը չի ծնվել։ Արդեն երեք տարի մենք լսում ենք, թե ինչպես են մեզ վերացնելու, եկել է մեր քաղաքական վախճանը և այլն։ Իշխանափոխության հարցը դուրս չի եկել մեր օրակարգից, ընդամենն ավելացել է ևս մեկ գործիք՝ այս դահլիճը, այդ իշխանափոխության համար»,- եզրափակեց նա։