Իմ թեկնածության առաջադրումը ո՛չ պաշտոնի ձգտում է, ո՛չ էլ իշխանության հետ քաղաքական համաձայնությունների, կուլիսային պայմանավորվածությունների արդյունք։ Իր ելույթում հայտարարեց ԱԺ փոխնախագահի պաշտոնում առաջադրված Իշխան Սաղաթելյանը։
Նա ընդգծեց, որ իր առաջադրումը քաղաքական համակարգի, փոխզսպումների, հակակշիռների, ընդդիմության քաղաքական իրավունքների ապահովման, իրացման հիմնական պահանջներից է։
«ԱԺ ընդդիմադիր փոխնախագահ ունենալը սահմանադրական պահանջ է և ենթակա է կատարման՝ անկախ քաղաքական մեծամասնության նախասիրություններից և քմահաճույքից։ Սակայն, մենք չենք կարող համաձայնություն ունենալ մի իշխանության հետ, ում օրոք կորցրեցինք մեր հայրենիքի կարևոր մասը։ Չենք կարող համերաշխ լինել մի իշխանության հետ, ում գործունեության արդյունքում վտանգված է մեր երկրի տարածքային ամբողջականությունը»,-նշեց նա։
ԱԺ ընդդիմադիր փոխնախագահի խոսքով՝ ընդդիմությանը վերապահված ԱԺ փոխնախագահի գործունեությունն անցնող ամիսներին ծառայելու է քաղաքական հրապարակային պայքարի դուրս եկած իր ընկերների, գաղափարակից հայրենակիցների պահանջներին։
Իշխան Սաղաթելյանը շեշտեց, որ ԱԺ փոխնախագահ ընտրվելու դեպքում դառնալու է ընդդիմության ձայնը ԱԺ նախագահությունում և շարունակելու է իր պայքարը։
Հիշեցնենք, որ պատգամավորներն ընտրում են ԱԺ փոխնախագահ։ Ընդդիմությունը ԱԺ նախագահի տեղակալի պաշտոնում առաջադրել է Իշխան Սաղաթելյանի թեկնածությունը։