«Հրապարակ» թերթը գրում է. «Ազգային ժողովի նորընտիր նախագահ Ալեն Սիմոնյանի ընտանիքն առաջիկայում կտեղափոխվի կառավարական ամառանոց: Նախագահ ընտրվելուց հետո նա վարչապետ Փաշինյանից տեղափոխվելու առաջարկ է ստացել։ Ի դեպ, կառավարական առանձնատներում ոչ բոլոր պաշտոնյաներին է իրավունք տրված բնակվելու։
Այստեղ, վարչապետից բացի, կարող են բնակվել նաեւ ՀՀ սահմանադրական դատարանի նախագահը, պաշտպանության նախարարը, արտաքին գործերի նախարարը եւ վարչապետի առաջարկությամբ ու ՀՀ նախագահի կարգադրությամբ նախատեսված այլ բարձրաստիճան պաշտոնատար անձինք` իրենց ընտանիքներով:
Սակայն, որպես կանոն, Պռոշյան փողոցի առանձնատներ տեղափոխվում են Նիկոլ Փաշինյանի հրավերը ստացած անձինք։ Սիմոնյանի ընտանիքը, ամենայն հավանականությամբ, կբնակվի այն առանձնատանը, որտեղ հեղափոխությունից հետո կարճ ժամանակ բնակվեց Փաշինյանների ընտանիքը, ապա վերանորոգեցին Սերժ Սարգսյանին պատկանող առանձնատունը եւ այժմ բնակվում են այնտեղ»։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. 203 անձ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով չի ներկայացրել գույքի եւ ունեցվածքի մասին հայտարարագրեր։
Սա նշանակում է, որ սահմանված ժամկետում հայտարարագրերը չներկայացնելու հիմքով հարուցվելու են վարչական իրավախախտման վերաբերյալ գործեր, որոնց արդյունքում կարող է կիրառվել վարչական տույժ՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի (200 000 դրամի) չափով:
Սակայն «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ հայտարարագիր չներկայացրած անձանց թիվը այսքանով չի սահմանափակվում, եւ առաջիկայում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը նոր ցանկ է հրապարակելու»։
«Հրապարակ» թերթը գրում է. «Պատիվ ունեմ» դաշինքը թեժ մարտեր է մղելու, որպեսզի ձեւավորվի իրենց առաջարկած Արցախի հարցով մշտական հանձնաժողովը։ Տեղեկացրել էինք, որ իշխանությունը «շուստրի» քայլի է գնացել՝ որոշել է արդեն գործող հանձնաժողովներից մեկը տրոհել 2 մասի՝ առողջապահության եւ սոցիալական հարցերի, որպեսզի խորհրդարանում լինեն օրենքով պահանջվող առավելագույն թվով հանձնաժողովներ։
Դրանով, իշխանությունն իր հաշվարկով, մի կրակոցով 2 նապաստակ կխփի․ կգոհացնեն ընդդիմությանը՝ նրանց հասանելիք հանձնաժողովների թիվը մեկով ավելացնելով, եւ կազատվեն գլխացավանքից՝ փակելով Արցախի խնդիրներն ԱԺ բերելու վտանգները։
Ի դեպ, անգամ 12 հանձնաժողովի պարագայում ՊՈՒ-ին հանձնաժողովի նախագահություն չի հասնում, սակայն «Հայաստան»-ում մտադիր են՝ 3 հանձնաժողովի պարագայում մեկի նախագահությունը զիջել ընդդիմադիր գործընկերներին։ Սակայն ՊՈՒ դաշինքում պնդում են, որ իրենց ոչ թե հանձնաժողովի նախագահությունն է հետաքրքրում, այլ կոնկրետ Արցախի հարցով հանձնաժողովի ձեւավորումը, եւ դեռեւս վերջնական որոշում չունեն՝ պետք է քննարկեն որեւէ այլ հանձնաժողովի նախագահությունը ստանձնելու նպատակահարմարությունը։ Ասում են՝ հնարավոր է նաեւ հրաժարվեն»:
«Իրավունք» թերթը գրում է. «Իրավունքի» տեղեկությունների համաձայն` ՀՀ ոստիկանապետը Վահե Ղազարյանի որդին` Ռոբերտը, երեկ նշանադրվել է: Ըստ մեր աղբյուրի` նշանադրությունը տեղի է ունեցել Իջեւան քաղաքի ռեստորաններից մեկում:
Մեր աղբյուրի փոխանցմամբ` նշանադրությանը հրավիրված չեն եղել բարձրաստիճան պաշտոնյաներ, սակայն Նիկոլ Փաշինյանի կինը` Աննա Հակոբյանը, ներկա է եղել նշանադրության արարողությանը:
Մեր աղբյուրը նաեւ հավելեց, որ Ղազարյանի ընտանիքը օգոստոսի 20-ից հետո պատրաստվում է ամուսնացնել ընտանիքի ավագ դստերը` Մանեին»: