Armenia Today-ն առանձնացրել է տպագիր մամուլի օրվա ամենաուշագրավ հրապարակումները։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Դեռևս 2016 թվականի փետրվարին, երբ խորհրդարանում կառուցվածքային փոփոխության նախագիծն էր քննարկվում, այն ժամանակ ՀԱԿ խմբակցության պատգամավոր, այժմ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե հանուն անձերի որոշվում է նախարարությունները բաժանել, որ արդյունքում իրենց թիմակիցները պաշտոններ ստանան:
Երեկ նույն տրամաբանությամբ Փաշինյանի իշխանությունը բաժանեց ԱԺ երկու հանձնաժողովները` Առողջապահությունն ու Աշխատանքի և սոցիալական հարցերի՝ հանուն նրա, որ ՔՊ-ական պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանը պաշտոն ունենա: Մինչդեռ, Փաշինյանը 2016-ին իր ելույթում նշել էր, թե ժողովրդի պահանջն ի կատար է ածվում, և ՏԿ-ն անջատվում է ԱԻ-ից, ինչի արդյունքում հնարավորություն է տրվում ոչ միայն նախարար նշանակել Դավիթ Լոքյանին, այլև պաշտոնից չազատել Արմեն Երիցյանին»:
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Երեկ Իշխան Սաղաթելյանին երրորդ փորձից ԱԺ փոխնախագահ ընտրելուց հետո խորհրդարանն անցավ ԱԺ մշտական հանձնաժողովների հարցին։ Ամբողջ օրը քննարկեցին և ընդունեցին իշխանության առաջարկած տարբերակը՝ 12 հանձնաժողով։ Արցախի հարցերով հանձնաժողով ստեղծելու ընդդիմության առաջարկը մերժվեց։ Երկուշաբթի օրվանից սկսելու են ընտրել հանձնաժողովների նախագահներին և տեղակալներին։ Դոնթի բանաձևով՝ ընդդիմությանը բաժին է հասել 3 մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոն։ Դրանք կլինեն տնտեսական հարցերի հանձնաժողովը, տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերինը և մարդու իրավունքների պաշտպանության ու հանրային հարցերի մշտական հանձնաժողովը, որը «Հայաստան» դաշինքը զիջել է «Պատիվ ունեմ»-ին։ Տեղեկացանք, որ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնում «Հայաստան» խմբակցությունն առաջադրելու է Վահե Հակոբյանի թեկնածությունը, եվրասիական ինտեգրման հանձնաժողովում՝ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի, իսկ մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահի պաշտոնում, ըստ ամենայնի, կառաջադրվի նախկինում իմքայլական, ներկայում «Պատիվ ունեմ» խմբակցության անդամ, «Ժողովուրդ» օրաթերթի խմբագիր Թագուհի Թովմասյանը:
«Հրապարակ» օրաթերթը գրում է․ «Մեսրոպ Առաքելյանի «Առաքելություն» կուսակցությունը, որը 2018-ի ընտրություններին ՔՊ-ի հետ դաշինքով մասնակցեց ընտրություններին՝ ձևավորելով «Իմ քայլը» խմբակցությունը, և ունեցավ պատգամավորական ու Երևանի ավագանու մի քանի մանդատ, իսկ Մեսրոպ Առաքելյանը զբաղեցրեց վարչապետի խորհրդականի պաշտոնը, 2020-ի նոյեմբերի 20-ին էլ նշանակվեց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար, իսկ 2021-ի ապրիլին ազատվեց պաշտոնից, որպեսզի մասնակցի ԱԺ ընտրություններին, սակայն ինչ-ինչ խնդիրներ խանգարեցին, մեր տեղեկություններով, շուտով ռեբրենդինգի կենթարկվի, անգամ անունը կփոխվի։ Բանն այն է, որ կուսակցությանը հովանավորում է ռուսաստանաբնակ հայ գործարար Ռուբեն Վարդանյանը, և դա նրա պահանջն է։ Առաջիկա քաղաքական պրոցեսը, որին կուսակցությունը պատրաստվում է մասնակցել, Վանաձորի ՏԻՄ ընտրություններն են, որին կմասնակցեն միասնական սոցիալական ծառայության Վանաձորի բաժնի ղեկավար Արմեն Այվազյանի թեկնածությամբ։ Կուսակցության նոր անվանումը կլինի «Ապրելու երկիր»։ Թեմայի առնչությամբ զրուցեցինք կուսանդամ Վահե Հովհաննիսյանի հետ։ Ճի՞շտ է, որ կուսակցությունն անվանափոխվում է։ «Երբ լինեն նման տեղեկություններ, ավելի հստակ կիմանաք»,- ասաց նա։ Հետաքրքրվեցինք՝ այդպիսի պլաններ կա՞ն։ «Համագումարի պլաններ ունենք, այդ ժամանակ կասենք, հանրությանը մեր որոշման մասին կտեղեկացնենք»։ Ի վերջո, Հովհաննիսյանը հաստատեց, որ կուսակցության նոր անունը լինելու է «Ապրելու երկիր»։ Իսկ կա՞ համագործակցություն Ռուբեն Վարդանյանի հետ։ «Երբ համագումարը լինի, այդ ժամանակ մամուլի ասուլիսով հանդես կգանք, բոլոր հարցերի պատասխանները կունենաք»,- պատասխանեց Հովհաննիսյանը»։
«Հրապարակ» օրաթերթը գրում է․ «ԱԺ ղեկավարության կողմից ԶԼՄ-ների համար նախատեսվելիք նոր սահմանափակումների համաձայն՝ պատգամավորների հարկաբաժիններ և աշխատասենյակներ մուտք գործելու համար պատգամավորները պետք է անցաթուղթ տան լրագրողին։ Սակայն այստեղ էլ են սահմանափակում մտցրել․ պարզվում է՝ նիստերի օրերին արգելված է անցագիր տալը։ Օրերս նորընտիր պատգամավորներին այդ մասին տեղեկացրել են աշխատակազմից։ Այսինքն՝ սեպտեմբերից ԱԺ ղեկավարությունն առանձին սենյակ է նախատեսել լրագրողների համար՝ ԱԺ մուտքի մոտ, որպեսզի նրանք չկարողանան ազատ տեղաշարժվել և ումից ուզում են՝ հարցազրույց վերցնել։ Բացի այս ամենը, անվտանգային այլ միջոցառումներ էլ են նախատեսվում, մասնավորապես դահլիճի մուտքի ֆոյեները երկու կողմից մտադիր են ապակեպատել, անցակետեր դնել, պատգամավորներին էլ հատուկ անվանական «չիպեր» բաժանել, որպեսզի այդ դռներով անցնեն դեպի դահլիճ։ Թե ինչով են բացատրվում այս արտակարգ միջոցառումները, իշխանական շրջանակներում շշուկներ կան, թե իբր ԱԱԾ-ն տեղեկություններ է ստացել, որ Նիկոլ Փաշինյանի դեմ տեռակտ է նախապատրաստվում, ևսա ուղղված է դա կանխելուն»: