«Հայաստան» խմբակցությունն Ազգային ժողովի տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու է առաջադրել Արմեն Գևորգյանին: Արմեն Գևորգյանի կենսագրությունը ներկայացրեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը:
Արմեն Գևորգյանն իր ելույթում նշեց, որ խորհրդարանական կառավարման համակարգում չափազանց մեծ է Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների դերը` օրենսդրական մշակման հարցերից մինչև արտաքին կապեր և խորհրդարանական վերահսկողություն:
Պատգամավորը ներկայացրեց տարածաշրջանային համագործակցության և եվրասիական ինտեգրման հարցերի առնչությամբ իր պատկերացումները:
«44-օրյա պատերազմը փոխել է Հարավային Կովկասի անվտանգային դիմագիծը և աշխարհաքաղաքականությունը: Պատերազմի հետևանքները փոխել են Հայաստանի ու Արցախի տեղն ու դերն այս ճարտարապետության մեջ:
Զգալիորեն թուլացած ու անվտանգային լրջագույն խնդիրների շեմին գտնվելով՝ հայ ժողովրդին, այնուամենայնիվ, պատմականորեն վիճարկված է ապրել այս հողի վրա ու այս տարածաշրջանում: Հարևաններին ընտրելու հնարավորություն տրված չէ:
Մենք այստեղ ապրում ենք դարերով և պետք է շարունակենք ապրել և արարել: Դրա համար անհրաժեշտ է արժանապատիվ խաղաղություն և գրագետ տարածաշրջանային համագործակցություն, որի միջավայրը, նոր իրողություններից ելնելով, պետք է մեր պետությունը կառուցի իր ազգային անվտանգության շահերի խորը գիտակցմամբ»,- ասաց Գևորգյանը: