Խորհրդարանը քննարկում է ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի ընտրության հարցը: Այս պաշտոնում առաջադրվել է «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանի թեկնածությունը: Վերջինիս թեկնածությունը ներկայացրեց խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը։
Հիշեցնենք, որ 12 մշտական հանձնաժողովների նախագահների թեկնածուների առաջադրման իրավունքը խմբակցությունների միջև բաշխվել է հետևյալ համամասնությամբ՝ 9 հանձնաժողովների նախագահների առաջադրում է իշխանական «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը, 3 հանձնաժողովների նախագահների՝ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունը:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ «Հայաստան» խմբակցությունը Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի պաշտոնում առաջադրել է Վահե Հակոբյանի, ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Արմեն Գևորգյանի թեկնածությունները, ՔՊ-ն Վլադիմիր Վարդանյանին առաջադրել է Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի, Անդրանիկ Քոչարյանին՝ Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի, Էդուարդ Աղաջանյանին՝ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի, իսկ Վահե Ղալումյանին՝ Ազգային ժողովի տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի, Սիսակ Գաբրիելյանին՝ Գիտության, կրթության, մշակույթի և երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոններում։