Ապաշրջափակումը վերաբերվում է երկու երկրներին։ Երկու պետությունները համաչափ կերպով պետք է ապաշրջափակեն տրանսպորտային ուղիները, և սկսվի հաղորդակցություն, որից կշահենք ոչ միայն մենք, այլև տարածաշրջանի մեր հարևան երկրները։ Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում նման տեսակետ հայտնեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։
Նախարարն ընդգծեց՝ եթե երկաթուղու մասին է խոսքը, չեն կարող առանց ենթակառուցվածքների կառուցման ունենալ ապաշրջափակում, որովհետև ունենք հատվածներ, որտեղ երկաթուղու նախկին ցանցը չկա, և պետք է նորը կառուցվի։
«Բոլորիս հայտնի է՝ երկաթուղին անցնում էր Նախիջևանով, Մեղրիով։ Եթե որոշում կայացվի, որ երկաթուղին պետք է շահագործել, ուրեմն այդ ուղղությունը պետք է վերականգնել և աշխատել։ Իջևանի ուղղությամբ սովետական տարիներին երկաթուղի եղել է։ Ենթադրաբար, երբ տարածաշրջանում խաղաղություն լինի և կարողանանք ամբողջովին ապաշրջափակել, կարծում եմ, նաև տնտեսապես ձեռնտու կլինի այդ ուղղություններով աշխատեցնելը»,- նշեց Սանոսյանը։
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի խոսքով՝ դելիմիտացիան և դեմարկացիան բավական երկարատև գործընթաց է, ինչն ընդհանուր բնույթի աշխատանք է։
Նորանշանակ նախարարը զարմանում է, որ անընդհատ խոսվում է տարածքային զիջումների մասին, բայց, նրա կարծիքով, դեմարկացիայի և դելիմիտացիայի արդյունքում կարող են որոշ տարածքներ մեզ վերադարձվել։ Գնել Սանոսյանն առաջինն Արծվաշենի վերադարձի մասին է խոսում։
«Բոլոր համայնքների, տարածքների մասին խոսում ենք, բացի Արծվաշենից»,- նկատեց Գնել Սանոսյանը։
Դիտարկմանը, որ ստացվում է Տիգրանաշենը հանձնելու դիմաց հետ է վերադարձվելու Արծվաշե՞նը, Գնել Սանոսյանն արձագանքեց. «Ոչ, ո՞վ նման բան ասաց»։
Հիշեցնենք՝ Կառավարության նիստին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ հայ-ադրբեջանական սահմանի դեմարկացիայի և դելիմիտացիայի մասին մեր դիրքորոշումն անփոփոխ է՝ նշելով, որ պատրաստ է ուղիղ երկխոսության՝ միջազգային գործընկերների միջնորդությամբ։