Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանն առաջադրվել է Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածու։ Այսօր տեղի է ունենում Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների մրցութային խորհրդի նիստը:
Սասուն Խաչատրյանից բացի, Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի պաշտոնի համար առաջադրվել է ևս երկու թեկնածու՝ իրավաբաններ Գառնիկ Թորոսյանը և Դավիթ Մկրտումյանը։
Ավելի վաղ, մամուլում լուրեր էին շրջանառվում, որ Սասուն Խաչատրյանն է լինելու նոր ստեղծվող Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ։
Հիշեցնենք, որ 2019 թվականին Կառավարությունը ձեռնամուխ է եղել կոռուպցիայի դեմ պայքարի նոր՝ միասնական մարմնի ստեղծմանը։ Նոր ստեղծվող Հակակոռուպցիոն կոմիտեն պետք է կենտրոնանա միայն կոռուպցիոն հանցագործությունների քննման ուղղությամբ և որն իրականացնելու է նաև օպերատիվ-հետախուզական գործունեություն։
Ազգային անվտանգության ծառայությունում, Հատուկ քննչական ծառայությունում, Քննչական կոմիտեում և Պետեկամուտների կոմիտեում պետք է կրճատվեն կոռուպցիոն հանցագործություններ քննող հաստիքները։ Դրանք փոխանցվելու են Հակակոռուպցիոն կոմիտեին։