Այսօր` ժամը 16:00-ին, սահմանին տիրող իրավիճակի շուրջ խորհրդարանում փակ քննարկում տեղի կունենա։ Այս մասին Armenia Today-ին ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։
«Մեր խմբակցությունը և ՔՊ-ն մասնակցելու են քննարկմանը։ Մնացածը չգիտեմ` մասնակցելու են, թե՝ ոչ։ Հնարավոր է՝ հանդիպմանը ներկա կլինեն նաև ՀՀ ԶՈւ ԳՇ ներկայացուցիչները»,- մանրամասնեց Սեյրան Օհանյանը։
Նշենք, որ սահմանային իրավիճակի վերաբերյալ առաջարկը արել էր «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը:
Հիշեցնենք, որ «Հայաստան» խմբակցություն առաջարկել էր սահմանային իրավիճակի թեմայով քննարկում անցկացնել։ ՔՊ-ն էլ որոշեց չմերժել առաջարկը։
«Ելնելով սահմանային լարված իրավիճակից՝ «Հայաստան խմբակցությունն առաջարկում է փակ կամ բաց ֆորմատով քննարկում կազմակերպել: Սահմանային իրավիճակի վերաբերյալ իրարամերժ տեղեկություններ են գալիս, եկեք քննարկում կազմակերպենք, հասկանանք իրավիճակը, փարատենք հասարակության մտահոգությունները»,- ասել էր «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը:
Հիշեցնենք նաև, որ վերջին օրերին հայ-ադրբեջանական սահմանին լարվածությունն աճել է, հայկական կողմն ունի զոհ և վիրավոր։