Անվտանգությանն առնչվող խնդիրները հատուկ տեղ են գրավում ՀՀ կառավարության հնգամյա ծրագրում: Այս մասին օգոստոսի 18-ին կառավարության նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որը ծրագիրը ներկայացրեց նախարարների հաստատմանը:
Վարչապետի խոսքով՝ անվտանգության ամենակարևոր խնդիրը կլինի զինված ուժերի արդիականացումը, որի բարեփոխումների գործընթացն արդեն սկսված է և լայն թափով իրականացվում է:
Մեր պետության անվտանգության կարևորագույն գործոն է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը:
«Մենք կարևորում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի դերը Արցախի հիմնախնդրի լուծման և Արցախի վերջնական կարգավիճակի որոշման գործում»,- նշեց Փաշինյանը։ Այս համատեքստում վարչապետը մատնանշեց ՄԽ համանախագահների հուլիսի 29-ի հայտարարությունը, որը համապատասխանում է կառավարության ծրագրի դրույթներին:
Արդիականացված և ժամանակակից բանակն, ըստ Փաշինյանի, պետք է դառնա արտաքին մարտահրավերներից պետության անվտանգությունն ապահովող հիմնական գործոնը: Պետության անվտանգության մեկ այլ մեխանիզմ էլ հայ-ռուսական ռազմավարական դաշինքն է և երկրի մասնակցությունը ՀԱՊԿ-ին:
«Առաջիկա 5 տարիներին Հայաստանում կստեղծվի արտաքին հետախուզական ծառայություն»,- հայտնեց Նիկոլ Փաշինյանը։