«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ առաջիկայում ՀՀ մի շարք համայնքների ղեկավարների լիազորությունները կդադարեցվեն, եւ կնշանակվի համայնքի ավագանու ընտրություն: Բանն այն է, որ ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունն այդ համայնքներում նախատեսում է իրականացնել համայնքների միավորման 11 ծրագիր:
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ միավորում կիրականացվի Արագածոտնի մարզի Թալին, Արեւուտ, Արարատի մարզի Մասիս, Արմավիրի մարզի Մեծամոր, Խոյ, Լոռու մարզի Թումանյան, Սպիտակ, Կոտայքի մարզի Աբովյան, Նաիրի, Ծաղկաձոր, Շիրակի մարզի Արթիկ համայնքային փնջերում: Բայց, չնայած սրան, խոշորացման ենթակա գյուղերի բնակիչներն ու գյուղապետերը հիմնականում դեմ են այս ծրագրին եւ իրենց մտահոգությունները բազմիցս են արտահայտել: Գյուղապետերն անհանգստացած են՝ խոշորացման արդյունքում համայնքային սեփականության իրավունքը փոխանցվում է համայնքային կենտրոններին, որին իրենք դեմ են: Մյուս կողմից՝ մեզ հայտնի դարձավ, որ միավորվող գյուղերում կազմակերպվել են քննարկումներ, որտեղ բնակչության մեծ մասը պահանջել է համայնքների միավորման «շրջանային» մոդելը»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
Երեքշաբթի օրը` օգոստոսի 24-ից, հայրենի խորհրդարանում էլի թեժ օրեր են սպասվում: «Ժողովուրդ» օրաթերթի՝ կառավարությանը մոտ կանգնած աղբյուրները փոխանցում են, որ այդ օրը ՀՀ կառավարությունն իր ողջ կազմով կներկայանա խորհրդարան կառավարության ծրագիրը նորընտիր ԱԺ-ին ներկայացնելու համար: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին արդեն զեկուցել է իր թիմը, որ չի կարող խուսափել խորհրդարան ներկայանալուց ու անձամբ ինքը պետք է ներկայացնի ՀՀ կառավարության հնգամյա ծրագիրը:
Կարծես թե արդեն վերջնական որոշված է, որ նշված օրը Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում կլինի, իսկ ԱԺ ղեկավարությունն էլ այնպես կանի, որ խորհրդարանական ընդդիմությունը հանկարծ Փաշինյանի համար ոչ ցանկալի բառեր չհնչեցնի: Նախնական որեշել են, որ կլինեն հարցեր, որոնց անձամբ Փաշինյանը կպատասխանի, կլինեն, որ կպատասխանեն ուրիշները»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
2020 թվականին՝ մեկուկես ամսվա ընթացքում, խաղաղ պայմաններում հայկական բանակում 13 զինծառայող էր մահացել, սակայն ԶՈւ գլխավոր շտաբի պետը հայտարարել էր, որ չի պատրաստվում պաշտոնից ազատման դիմում գրել: Ավելին՝ ԶՈւ շտաբի նախկին պետ Մովսես Հակոբյանը ասել էր. «Մենք դեռեւս 2018 թ. ապրիլ-մայիս ամիսներին Նախիջեւանի կողմում զիջել ենք բավական մեծ տարածություն։
Զիջել ենք Զանգակատան հատվածում, հակառակորդը առաջ է շարժվել մոտավորապես 6 կմ։ Մենք բնագծեր ենք կորցրել Արենիի հատվածում»։
Մովսես Հակոբյանը նշել էր, որ հենց այս պատճառով է վարչապետին ասել, որ չի կարելի Արտակ Դավթյանին նշանակել Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ:
Այսքանով, սակայն, Արտակ Դավթյանի՝ բանակին հասցված վնասները չեն ավարտում: Նրա թեթեւ ձեքով վերացվեցին ՄՈԲ զորամասերը, եւ 44-օրյա պատերազմի ժամանակ պարզ դարձավ, թե ինչ ճակատագրական սխալ որոշում է եղել:
Բայց այս բոլոր խայտառակ ձախողումներից հետո ՀՀ քաղաքական իշխանությունը հասարակությանը ցույց տալու համար, թե պատժում է ձախողումներ թույլ տված Արտակ Դավթյանին, նրան ազատեց պաշտոնից ոչ թե անկարողության, այլ կորոնավարակի պայմաններում տղայի հարսանիքը բակում տոնելու համար: Նրան պատերազմի ավարտից կարճ ժամանակ անց կրկին նշանակեցին ԶՈւ գլխավոր շտաբի պետի պաշտոնին: Այսպիսով, պրոֆեսիոնալ զինվորականների գնահատմամբ՝ ամենաանպատրաստ գեներալ Արտակ Դավթյանը շարունակում է բանակը գլխիվայր շուռ տալ»: