Այսօրվա իշխանությունները, հատկապես՝ դատական համակարգը, հերթական խայտառակ մոտեցումը ցուցաբերեցին ընդդիմադիր ուժերի, «Հայաստան» խմբակցության մեր գործընկերոջ նկատմամբ՝ հանձինս Արմեն Չարչյանի։ Այս մասին հրավիրված հրատապ ասուլիսի ժամանակ հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։
Նրա գնահատմամբ՝ Արմեն Չարչյանը ՀՀ-ում գոյություն ունեցող օրենսդրական դաշտի շրջանակներում ընտրվել է որպես պատգամավոր և պարտավոր է իր պատգամավորական գործունեությունը ծավալել «Հայաստան» խմբակցության շրջանակներում։
Միևնույն ժամանակ Սեյրան Օհանյանը շեշտեց, որ այս ժամանակահատվածում Արմեն Չարչյանը պատշաճ վերաբերմունք է ցուցաբերել պատգամավորական իր պարտականություններին, որևէ խախտում նրա վարքագծում տեղի չի ունեցել։
«Տեղի ունեցածը ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ այսօրվա իշխանությունները հետապնդումներ են իրականացնում այն ուժերի նկատմամբ, որոնք հակադրվում են այս կառավարման համակարգին։ «Հայաստան» դաշինքի գործունեության ընթացքում համապատասխան վերաբերմունք լինելու է այսօրվա իշխանությունների նկատմամբ»,- մատնանշեց նա։
Ի դեպ, Սեյրան Օհանյանը նաև ասաց, որ այսօր տեղի է ունեցել «Հայաստան» խմբակցության հերթական նիստը, որին ներկա էր նաև դաշինքի առաջնորդ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
Ասուլիսին ներկա ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանի խոսքով՝ այս իշխանությունները հետևողական պայքար են մղում հայրենիքի պաշտպանի նկատմամբ։
«Իշխանությունը սևով սպիտակի վրա գրել է, որ դատարանները, դատախազությունը, ոստիկանությունը պետք է կատարեն կառավարության ցանկությունները։ Հիմա մենք ականատես ենք լինում այդ վարքագծին։ Սա նաև Հայաստանում քաղբանտարկյալների մեծ կազմ ձևավորելուն ուղղված գործողություն է։ Մենք գնում ենք տոտալ մենիշխանության հաստատման»,- նկատեց ընդդիմադիր պատգամավորը։
Ասուլիսին ներկա խմբակցության մեկ այլ պատգամավոր՝ Արամ Վարդևանյանն էլ նկատեց, որ Արմեն Չարչյանին երկրորդ անգամ կալանավորող դատավորը ժամանակին Ռոբերտ Քոչարյանին է կալանավորել։
Հիշեցնենք, որ Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Ռուբիկ Մխիթարյանի նախագահությամբ, բավարարել է «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արմեն Չարչյանին գրավի դիմաց ազատ արձակելու մասին որոշման դեմ դատախազության բողոքը՝ բեկանելով նրա նկատմամբ գրավ կիրառելու մասին առաջին ատյանի դատարանի որոշումը։
Հիշեցնենք նաև, որ Արմեն Չարչյանին մեղադրանք է առաջադրվել ընտրություններին մասնակցելուն հարկադրելու համար: Քվեարկությունից օրեր առաջ համացանցում տարածվել էր «Իզմիրլյանի» աշխատակիցների հետ Չարչյանի ժողովի ձայնագրությունը։