ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը դատապարտում է տեղի ունեցած բռնությունը։ ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում նա ասաց, որ բռնությունն արդարացում չունի և անընդունելի է:
«Ես նորմալ չեմ համարում, երբ Ձեր ասած Արցախի հերոսը, փաստացի, հանդես եկավ մեղայականով։ Չի կարելի ԱԺ պատգամավորի վրա շիշ նետել, անկախ նրանից, թե ով ինչպիսի վերաբերմունք ունի այդ պատգամավորի նկատմամբ։ Դա սպային և Ձեր ասած հերոսին վայել չէ»,- նկատեց Սիմոնյանը։
ԱԺ խոսնակն անդրադարձավ նաև լրագրողների հետ կապված միջադեպին:
«Որոշակի լուծումներ ենք գտնելու այդ իրավիճակից խուսափելու համար: Օրինակ՝ ես համարում եմ, որ անընդունելի է նման իրավիճակներում օթյակից լրագրողներին դուրս հրավիրելը: Քննարկել եմ գործընկերներիս հետ, ամենայն հավանականությամբ, Աստված մի արասցե, եթե նման իրավիճակ կրկին լինի, մենք որևիցե ձևով լրագրողներին այնտեղից պետք է չհանենք»,- ընդգծեց նա։
Հիշեցնենք, որ ԱԺ նիստերի դահլիճում միջադեպ էր սկսվել, երբ ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանը ելույթի ժամանակ ժամանակ ասաց, որ այն ՊՆ նախարարները, որոնց ժամանակ բանակից փողով մարդ է ազատվել, հայրենիքի դավաճաններ են։ Այս խոսքերից հետո դահլիճից Սարգսյանի ուղղությամբ շշեր էին նետվել, որից հետո սկսեցին իրար վրա շշեր նետել։ Խորհրդարանում մթնոլորտը երկրորդ անգամ շիկացավ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Վահե Հակոբյանի ելույթի ժամանակ։
Ի դեպ, ԱԺ-ում տեղի ունեցած միջադեպի ժամանակ անվտանգության աշխատակիցներն օթյակից դուրս են հանել լրագրողներին։