ԱԺ-ն երեկ հավանություն տվեց Կառավարության 2021-2026 թվականի գործունեության ծրագրին։ Հիմա պետք է կենտրոնանանք այդ ծրագիրը կազմելու և հաստատելու վրա։ Օրենսդրությունը սրա համար եռամսյա ժամկետ է սահմանում։ Այս մասին կառավարության օգոստոսի 27-ի նիստի իր ելույթում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ միջոցառումների հաստատման արդյունքում պետք է ստանալ մի փաստաթուղթ, որն ամենօրյա գործողությունների պլան կլինի կառավարության համար։
«Նախորդ նախընտրական քարոզարշավի ժամանակ մենք տեսանք, որ 2018 թվականին տրված տեղային նախընտրական խոստումները շատ արագ իրագործվել են»,- ասաց Փաշինյանը՝ նշելով, որ դրանց իրագործումը սկսվել է անմիջապես ընտրություններից հետո։
Փաշինյանն ասաց, որ կատարված աշխատանքի քաղաքական էֆեկտը հսկայական էր։ Դա ուներ երկու պատճառ․ առաջինը ի ցույց է դնում կառավարության հարգանքը և ծառայությունը իր մարդու, քաղաքացու նկատմամբ, երկրորդը՝ նման աշխատանքներ իրականացվել են համատարած, և դա մարդիկ տեսել են ոչ թե հեռուստաէկրաններից, այլ իրենց պատուհանից։