Մարդու իրավունքների բազմաթիվ խախտումներ են տեղի ունենում հարևան Ադրբեջանի քաղաքականության պատճառով, ինչի մասին ներկա և նախկին կառավարությունները բարձրաձայնել են։ Այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արդարդատության նախարար Կարեն Անդրեասյանը։
Նախարարը ցավով է արձանագրում, որ գործընթացները չեն գալիս այն հանգրվանին, որպեսզի հարևան պետության հետ այնպիսի գործընթացներ տեղի ունենան և այլևս նրանց վարած քաղաքականության պատճառով մեր քաղաքացիների իրավունքները չխախտվեն։
Նա հավաստիացրեց, որ պետությունն անում է լավագույնը՝ ստեղծված իրավիճակը կարգավորելու ուղղությամբ։
Ինչ վերաբերում է ադրբեջանցիների կողմից միջպետական ճանապարհները շրջափակելու և Փաշինյանի՝ այլընտրանքային գրունտային ճանապարհի մասին հայտարարության վերաբերյալ հարցին, Անդրեասյանը նկատեց, որ լրագրողական հարցի անվան տակ հնչել են քաղաքական հայտարարություններ, որոնց հետ համաձայն չեն։
«Լրագրողներից հարցեր կա՞ն, ոչ թե քաղաքական գործիչներից»,- ասաց Կարեն Անդրեասյանը, որը կիսատ թողեց ճեպազրույցը և հեռացավ։
Հիշեցնենք, որ արդեն 2 օր է՝ ադրբեջանական ուժերը փակել են Գորիս-Կապան ճանապարհը։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշիյնանը հայտարարել էր` այն հատվածը, որը ԽՍՀՄ քարտեզներով Խորհրդային Հայաստանից դուրս է եղել, ադրբեջանցիները եկել, փակել են։ Նա վստահեցրել է, որ Սյունիքի մարզը Հայաստանից կտրված չէ, կա այլ՝ գրունտային ճանապարհ․ ասֆալտապատում են Կապան-Աղվանի այլընտրանքային ճանապարհը։