ԱԺ «Հայաստան» խմբակցությունը դարձյալ չի փոխում թեկնածուին։ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնում արդեն երրորդ անգամ կառաջադրեն Արթուր Ղազինյանի թեկնածությունը։
Այս մասին Armenia Today-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։
Հարցին՝ այլ թեկնածու չեն ուզում առաջադրել, քանի որ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն ակնարկեց, որ այլ համապատասխան թեկնածուներ կան դաշինքում, Մանուկյանը պատասխանեց.
«Իրականում հիմնավորված պատճառ էլ չկա մերժման, քանի որ Ազգային ժողովի կանոնակարգ օրենքով և Դոնթի բանաձևով փոխնախագահի պաշտոնը վերապահված է ընդդիմությանը, և ընդդիմությունը, իր գործառույթների շրջանակներում, օրենքի պահանջի համաձայն, թեկնածու է առաջադրում»։
Հիշեցնենք, որ երկրորդ անգամ Արթուր Ղազինյանը չէր ընտրվել ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնում։ Իշխանական պատգամավորները դժգոհություն էին հայտնում, որ ԱԺ պաշտպանության հանձնաժողովի նախագահի տեղակալը բանակում չի ծառայել։ Կողմ էին միայն «Պատիվ ունեմ» ու «Հայաստան» խմբակցության պատգամավորները, սակայն ընդդիմադիրների ձայները բավարար չէին ընտրվելու համար։ Այս պաշտոնը, ըստ Դոնթի բանաձևի, հատկացված է հենց ընդդիմությանը։ Այս հանձնաժողովում ընդդիմադիր պատգամավորներն են՝ «Պատիվ ունեմ» խմբակցությունից Տիգրան Աբրահամյանը, իսկ «Հայաստան» խմբակցությունից՝ Արթուր Ղազինյանը, Գեղամ Նազարյանը և Գեղամ Մանուկյանը: