Armenia Today-ը ներկայացնում է օրվա տպագիր մամուլի ամենաուշագրավ հրապարակումները։
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Ռուսաստանաբնակ հայ միլիարդատեր Սամվել եւ Կարեն Կարապետյաններին պատկանող «Տաշիր գրուպը», մեր տեղեկություններով, մտադիր է գնել «Արմենիա» ավիաընկերությունը կամ դրա բաժնետոմսերի մի մասը։ Ընկերությունը, հիշեցնենք, հայկական ռեզիդենտ ընկերություն է, որի բաժնետոմսերի վերահսկիչ փաթեթը՝ 51 տոկոսը, պատկանում է հայ ներդրողին՝ Ռոբերտ Օգանեսյանին, իսկ 49-ը տոկոսը՝ վրացի Թամազ Գաիաշվիլուն։ Եվ Սամվել Կարապետյանին պատկանող «Տաշիրն» այս պահին բանակցում է, որ այս երկուսից, իսկ առավել հավանական է՝ վրացական բաժնեմասից բաժնետոմսերի որոշակի մաս ձեռք բերի։ «Արմենիա» ավիաընկերությունից մեր հարցին, թե ճի՞շտ է, որ նման գործընթաց կա, ասացին․ «Մեր ավիաընկերությունը վեց տարվա իր գործունեության ընթացքում միշտ էլ բանակցել է տարբեր ներդրողների հետ, ինչը կնպաստի ինչպես «Արմենիա» ավիաընկերության, այնպես էլ քաղաքացիական ավիացիայի զարգացմանը, հետեւաբար՝ բանակցությունները մեր գործընթացի անբաժանելի մասն են կազմում»։ Ըստ էության՝ արձանագրենք, որ չհերքեցին մեր տեղեկությունը։
Հիշեցնենք, որ իշխանությունների սրտի օլիգարխ Խաչատուր Սուքիասյանը եւս սկսել է ավիացիոն բիզնեսով զբաղվել՝ ձեռք բերելով մոլդովական Fly One ավիաընկերությունը։ Իսկ հուլիսին Հայաստանի ազգային շահերի հիմնադրամի (ANIF. պետական-մասնավոր ներդրումային հիմնադրամ) ղեկավար Դավիթ Պարազյանը լրագրողներին ասել էր․ «Մենք գիտենք, որ Խաչատուր Սուքիասյանն ավիաընկերություն է հիմնում, ազգային ավիափոխադրող հիմնելիս հաշվի ենք առել նաեւ այդ փաստը»։ Խոսքն արաբական ներդրողների հետ համատեղ ստեղծվող ընկերության մասին է։ Չի բացառվում, որ Կարապետյանների կողմից «Արմենիա»-ում ներդրում կատարելն ու ընկերությունն ուժեղացնելն ունի նաեւ քաղաքական ենթատեքստ՝ Սուքիասյանների հետ մրցելու խնդիր կա։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Մեր հանրապետությունում առավոտյան արթնանում ես ու հայտնաբերում մեքենադ՝ առանց պետհամարանիշերի. Հայաստանում շարունակվում են պետհամարանիշների գողության դեպքերը: Այս անգամ գողանում են ոչ թե հայկական «գոլդ», այլ ռուսական համարանիշները։ Ռուսական համարանիշներով մեքենաների վարորդները մեր հանրապետությունում համարվում են «արտոնյալ». ռուսական համարանիշներով մեքենաների վարորդները տեսախցիկների, արագաչափերի կողմից արձանագրված խախտումների արդյունքում, կարելի է ասել, տուգանքներ չեն վճարում:
Ռուսական համարանիշի գողության դեպքում վարորդը չի կարող այն դարձյալ ռուսականով փոխարինել կամ նույնը ստանալ, քանի որ դա աշխատատար և ծախսատար գործընթաց է, այդ պատճառով ռուսական համարանիշներով մեքենաների վարորդները երեկոյան տուն վերադառնալիս դրանք մեքենայի վրայից հանում են ու տանում տուն: Բացի այս, եւս մեկ խնդիր համարանիշների հետ կապված, բայց արդեն՝ Ռուսաստանում. պարզվում է՝ մեր հայրենակիցներն այնտեղ օտարերկրյա համարանիշներով մեքենա վարելիս, երբ մի քանի անգամ խախտում են կատարում, տվյալ երկրի իշխանություններն այդ քաղաքացուն ներառում են «սեւ ցուցակում»: Ինչպես հայտնի է, Ռուսաստանում մեր հայրենակիցների մեծ մասը մեկնում է այնտեղ վարորդ աշխատելու նպատակով:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ նրանցից շատերն արդեն հարցի լուծման իրենց տարբերակն են գտել. գալիս են Հայաստան, անվանափոխություն են կատարում ու նորից հետ վերադառնում ՌԴ:
«Փաստ» օրաթերթը գրում է. «Հայաստանում ապօրինի անտառահատումների դեմ պայքարը հոլիվուդյան մարտաֆիլմ է հիշեցնում՝ բախումներ, հետապնդումներ, ձերբակալություններ, անգամ մարդկային զոհեր։ Հիշեցնենք, որ անտառից փայտանյութով բարձված մեքենան վերջերս չէր ենթարկվել ոստիկանների՝ կանգ առնելու պահանջին, մեքենան գլորվել էր ձորը։ Ոչ վաղ անցյալում Իջևանում իսկական ճակատամարտ էր տեղի ունեցել՝ փայտահատների և իրավապահների միջև։
«Փաստի» տեղեկություններով, անտառահատումների դեմ պայքարը վերջին օրերին առավել սրվել է. շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը «դեսանտ» է իջեցրել Հայաստանի անտառներ և հրահանգել է արգելել որևէ ճյուղի ապօրինի հատումը։ 2021 թվականի օգոստոսի 31-ի դրությամբ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի աշխատակիցների կողմից կազմվել է ապօրինի ծառահատման 237 ակտ: Տեղերում, իհարկե, հսկայական դիմադրություն կա, հատկապես այն անձինք, ովքեր տարիներ շարունակ անտառանյութի բիզնեսով են զբաղվել, փորձում են դիմադրել, սակայն նախարարը, կարծես թե, մարտական է տրամադրված։ Ի դեպ, մի քանի օր առաջ Դիլիջան քաղաքում անհայտ անձը կամ անձինք հրկիզել են Դիլիջան ազգային պարկի պահպանության ծառայության ղեկավարին ամրակցված ծառայողական մեքենան։
Ռոմանոս Պետրոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր. «Ունենք հիմնավոր կասկածներ, որ կատարվածը պայմանավորված է վերջինիս մասնագիտական գործունեությամբ»։ Մեր տեղեկություններով, նախարարին զեկուցում են անգամ ամենաչնչին խախտման դեպքում. անտառներում իսկական «տրիվոգ» է։ Վերահսկողության նոր մեթոդներ են ներդրվում, ամենուր տոտալ ստուգումներ են։ Թե ինչ զարգացում կունենա այս յուրօրինակ «մարտաֆիլմը», կանդրադառնանք առաջիկայում»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. 2018 թվականի սեպտեմբերի 11-ին հրապարակվեց ՀՀ ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանի եւ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի սկանդալային գաղտնալսման ձայնագրությունը: Աղմկոտ այդ օրվանից անցել է 3 տարի. ի՞նչ ունենք ԱԱԾ նախկին տնօրենի, ՀՔԾ պետի եւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գաղտնալսման դեպքով ՀՀ քննչական կոմիտեում քննվող քրեական գործով:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ 3 տարվա ընթացքում նշանակվել են բազմաթիվ փորձաքննություններ, իրականացվել են օպերատիվ- հետախուզական աշխատանքներ, միջազգային կառույցներին դիմումներ են ուղարկվել, սակայն ՀՀ քննչական կոմիտեն այդպես էլ 3 տարվա մեջ չբացահայտեց գործը. այն Քննչական կոմիտեում դասվեց չբացահայտված գործերի շարքին: Քրեական գործով 3 տարի անց չկա ո՛չ մեղադրյալ, ո՛չ կասկածյալ եւ ո՛չ էլ հետախուզվող: Ասել է թե՝ քննիչները անգամ չկարողացան բացահայտել իրենց ղեկավարին գաղտնալսած անձին, ուստի այստեղ կասկածի տակ է պետք դնել ոչ միայն ՀՀ քննիչների ունակությունը, այլեւ կասկածներ հայտնել հայրենի իրավապահ համակարգի կարողության մասին:
Բայց սա դեռ ամենը չէ. 3 տարի առաջ այս օրը ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը հրավիրված հրատապ ասուլիսի ընթացքում, ի թիվս այլ հարցերի, մի շարք բացահայտումներ արեց «Մարտի 1»-ի թեմայով: «Տիգրան Աբգարյանը սպանվել է հատուկ ջոկատայինների կողմից: Այդ մասին ունենք ապացույցներ հստակ: Այսինքն՝ ինչի՞ մասին է սա խոսում: Տիգրան Աբգարյանը սպանվել է այն ժամանակ, երբ Քոչարյանն արդեն իսկ մտցրել էր արտակարգ դրություն, սակայն որեւէ հրազենային վիրավորում ստացած զինծառայող չկար: Տիգրան Աբգարյանին հրազենային վիրավորում է հասցվել նրա համար, որպեսզի Ռոբերտ Քոչարյանի այդ խոսքերը, թե մենք արդեն ունենք զոհեր, հիմնավորվեն: Սա նախաքննությամբ արդեն հիմնավորվել է: Այս նորությունը բավարար էր, որ մեր դեմ իսկական որս սկսվեր»: Այս խոսքերից անցել է 3 տարի, ՀՔԾ-ն լուռ է, եւ մինչ օրս այդպես էլ չի ապացուցվել, թե ով է սպանել Տիգրան Աբգարյանին, ում է կոնկրետ մեղադրանք առաջադրվել այդ արարքի համար:
Ըստ էության, ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի խոսքերը հիմնավոր չէին, եւ ՀՔԾ պետը, դատելով իր հայտարարությունից, փորձեց ցույց տալ, թե իր ղեկավարած կառույցը լուրջ բացահայտումներ է արել, մինչդեռ այն սեփական «ես» -ը կարեւորելու դրսեւորում էր եւ օդում թողած պղպջակ:
«Հրապարակ» օրաթերթը գրում է. ««Զանգվածային լրատվության մասին» օրենքում իշխանական պատգամավորների առաջարկած աղմկահարույց փոփոխությունների փաթեթը երեկ ներկայացվել է ԱԺ, թերեւս, երկուշաբթի մեկնարկող նստաշրջանի օրակարգում կընդգրկվի։ Դեռեւս փետրվարին ՔՊ-ականներ Արթուր Հովհաննիսյանը, Սարգիս Խանդանյանը, Թագուհի Ղազարյանը, Վահագն Հովակիմյանը առաջարկել էին արգելել անանուն աղբյուրներին հղում անելը․
«Այն աղբյուրներին, որոնցում ներառված չեն ԶԼՄ-ների մասին օրենքով նախատեսված տվյալները կամ չնույնականացվող աղբյուրներ են, բացառությամբ․․․ եթե տեղեկատվությունը ստացվել է լրատվական գործակալությունից, բխում է․․․ հրապարակային ելույթից կամ պատասխանից կամ նրանցից ելնող փաստաթղթից, պետական մարմինների պաշտոնական փաստաթղթերի, լրատվության այլ միջոցի կամ հեղինակային որեւէ ստեղծագործության ․․․ բառացի կամ բարեխիղճ վերարտադրություն է, եւ դա տարածելիս կատարվել է հղում այդ աղբյուրին»։
Նախագիծն այլ սահմանափակումներ էլ է առաջարկում՝ լրատվամիջոցների ֆինանսական եւ այլ հարցերի հետ կապված։ Մինչդեռ անանուն աղբյուրների արգելումը վերադարձ է սովետական ժուռնալիստիկային եւ միջազգային բոլոր կոնվենցիաների կոպիտ ոտնահարում, որն անարձագանք չի մնա միջազգայինների կողմից»:
«Փաստ» օրաթերթը գրում է. «Փաստ» թերթի տեղեկություններով, շարունակում են լարված մնալ Նիկոլ Փաշինյանի և Հայաստանի դիվկորպուսի հարաբերությունները։
Ճիշտ է, Նիկոլ Փաշինյանին չհաջողվեց Արմեն Գրիգորյանին ԱԳ նախարար նշանակել և ընտրվեց «չարյաց փոքրագույն» տարբերակը (այդ թվում, ըստ տարբեր տեղեկությունների, Ռուսաստանի համար)՝ Արարատ Միրզոյանի թեկնածությունը, այդուհանդերձ, մեր աղբյուրների փոխանցմամբ, դիվանագիտական կորպուսում շարունակվում են խուլ դժգոհությունն ու տարաձայնությունները՝ կապված թե՛ նախարարության, թե՛, առավել ևս, Փաշինյանի դիրքորոշումների և «անատամ» քաղաքականության հետ։
Ըստ մեր տեղեկությունների, Փաշինյանի վարած արտաքին քաղաքական կուրսը դիվանագետները «առնվազն ոչ տրամաբանված» են որակում։ Մեր աղբյուրների փոխանցմամբ, տարաձայնությունները խորանում են նաև ու հատկապես հայ-թուրքական հարաբերությունների շուրջ գործընթացների, մասնավորաբար «դրական ազդակների» առումով»: