«Հրապարակ» թերթը գրում է.
«Իրինա Յոլյանը շաբաթներ առաջ Գորիսի փոխքաղաքապետի պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել։ Օգոստոսի կեսերին փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանը եւ Յոլյանը ձերբակալվեցին, սակայն վերջինիս չկալանավորեցին։ Ազատ արձակվելուց մի քանի օր անց Յոլյանն ազատման դիմում էր գրել: Գորիսում խոսում են, որ նրան սպառնացել են։ Երեկ նա մեզ հետ զրույցում ասաց, որ ազատման դիմում է գրել, քանի որ Առուշ Առուշանյանի լիազոր ներկայացուցիչն է եւ ուզում է լծվել այդ աշխատանքներին։ «Ուզում եմ կաշկանդված չլինել պաշտոնով եւ Սյունիքում առկա իրական խնդիրների մասին խոսել ավելի ազատ եւ անկաշկանդ»,- ասաց նա։ Տեղի իրավապահների խոշորացույցի տակ են նաեւ Առուշանյանի այլ մերձավորներ․ ընտրություններից առաջ փորձում են ճնշում գործադրել նրանց վրա, որ բանտում գտնվող Առուշանյանը հանկարծ չվերընտրվի։ Յոլյանը հաստատեց, որ տասնյակ քրեական գործեր են հարուցվել Առուշանյանի մտերիմների նկատմամբ՝ «ամենատարբեր հիմքերով»։
«Փաստ» օրաթերթը գրում է. «Նախօրեին «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը հայտարարություն էր տարածել, որ իրենք չեն մասնակցելու հոկտեմբերի 17-ին կայանալիք Շիրակի և Սյունիքի մարզերի ՏԻՄ ընտրություններին։ Սակայն, «Փաստ» թերթի տեղեկություններով, ԼՀԿ-ն ինտենսիվորեն զբաղված է կուսակցության կառուցվածքային թարմացմամբ, հանրապետության ողջ տարածքում նոր մարմինների ձևավորմամբ, եղած կառույցների ու, ընդհանրապես, կուսակցության «գույքագրմամբ»:
«ժողովուրդ» օրաթերթը գրում է․
«Կապան համայնքում անցկացվելիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում առաջադրվելու մտադրություն ունի նաեւ գործող քաղաքապետ Գեւորգ Փարսյանը։ «ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ գործող համայնքապետը համագործակցելու է իր ազգական, «Շանթ դաշինք» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանի հետ։ Փարսյանն ու Հարությունյանը զարմիկներ են։ Տեղեկությունը մեզ հետ զրույցում պաշտոնապես չհերքեց նաեւ Հարությունյանի որդին՝ Շահեն Հարությունյանը, որ գլխավորում է «Շանթ դաշինք» կուսակցությունը, ու, ըստ երեւույթին, հենց այդ ուժի ցուցակում էլ ներառված կլինի Գեւորգ Փարսյանը։ «Կապան քաղաքի ընտրությունների հետ կապված ավելի ուշ ու ավելի հանգամանալից հայտարարությամբ հանդես կգանք։ Այս պահի դրությամբ տեղեկություն տարածել ենք միայն Տաթեւ համայնքի մասով։ Հիմա տարբեր քննարկումներ են տեղի ունենում, այդ մասով հետագայում կխոսենք»,- ասաց Շահեն Հարությունյանը։
«Հրապարակ» թերթը գրում է.
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Նազելի Բաղդասարյանը Գյումրու ստվերային քաղաքապետ դառնալու հավակնություններ ունի։ Հոկտեմբերի 17-ին Գյումրիում նշանակված ընտրություններին ՔՊ-ի ավագանու ցուցակի առաջին հորիզոնականներում նրա մերձավորներն են։ Ցուցակում երկրորդը, որը, չի բացառվում, որ ՔՊ-ի հաղթանակի դեպքում փոխքաղաքապետ դառնա, նրա հարազատ եղբայրն է՝ Արման Բաղդասարյանը:
Ըստ որոշ տեղեկությունների, պատգամավորը փորձել է եղբորը քաղաքապետ դարձնել, սակայն թիմում մերժել են նրա առաջարկը: Հավանաբար, կոմպրոմիսի են եկել, որ նա ավագանու կազմում լինի, ապա փոխքաղաքապետ ընտրվի։ Ցուցակի երրորդ համարը Բաղդասարյանի ընկերուհին է՝ Գյումրու ինֆեկցիոնի տնօրեն Աստղիկ Բեյբությանը, վեցերորդը օգնականն է` Քնարիկ Հարությունյանը, ցուցակի չորրորդն էլ Սուրեն Պապիկյանի ազգականն է՝ Արթուր Պապիկյանը»: