Հայ-ադրբեջանական սահմանային գիծն ունի բազմաթիվ շերտեր ու ենթաշերտեր, որոնք պետք է ճիշտ հասկանալ ու ընկալել։ Այս մասին Գորիս-Կապան ճանապարհի Որոտանի հատվածում ադրբեջանական անցակետ տեղադրելու մասին այսօր ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանանի ժամանակ խոսեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա պատասախանեց, թե ինչու է այդ անցակետը տեղադրվել ու ինչու են իրանցի բեռնափոխադրողները տուրք վճարում այդ հատվածը հատելու համար։
«Գիտեք, որ 2020 թվականի դեկտեմբեր ամսին մենք իրականացրել ենք ՀՀ ԶՈւ դիրքերը ՀՀ Խորհրդային Միությունից ժառանգած սահմանների հետ համապատասխանեցնելու գործընթաց։ Դա իրականացվել է ռազմական նոր էսկալացիայից խուսափելու համար։
Խնդիրն այն է, որ 2010 թվականին ՀՀ ԱԺ ընդունվել է Վարչատարածքային բաժանման մասին օրենքը, որտեղ հստակ արձանագրվում է, որ Շուռնուխ և Որոտան գյուղերի սահմանները համապատասխանում են հայ-ադրբեջանական սահմանին»,- ասաց Փաշինյանը՝ հավելելով, որ Խորհրդային Հայաստանի ու Ադրբեջանի սահմանն է, որ վերածվել է պետական սահմանի։
Այս իրողությունը, ըստ Փաշինյանի, ընդունվել է որպես հիմք։ Գորիս-Կապան ճանապարհը 2 տեղ դուրս է գալիս ՀՀ պետական սահմանից։
«2020 թվականի դեկտեմբերին պայմանավորվածություն է ձեռք բերել, որ այդ ճանապարհն անարգել պետք է օգտագործվի ՀՀ տրասպորտային միջոցների ու բեռների տարանցման համար։ Դրա մեջ չի ֆիքսվել օտարերկրյա բեռներ տեղափոխելու հանգամանքը»,- ասաց նա։
Ինչպես վարչապետը նշեց՝ Ադրբեջանը հենց այս թերացումն է օգտագործում։
Նիկոլ Փաշինյանը նաև նշեց, որ իր ելույթում Էյվազլի և Չայզամի տեղանուններն օգտագործել է, որպեսզի ՀՀ լսարանը հասկանա, որ այդ կետերը գտնվում են ոչ թե ՀՀ-ում, այլ դրանից դուրս՝ Խորհրդային Ադրբեջանի տարածքում։