«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․
««Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը սեփական թեկնածուն կունենա նաև վարչապետ Նիկոլի Փաշինյանի հարազատ Իջևան քաղաքում: Ըստ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների՝ իշխանությունը նոյեմբերի 14-ին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին առաջադրելու է Իջևանի համայնքապետի պաշտոնակատարին՝ Արթուր Ճաղարյանին: Ըստ մեզ հասած տեղեկությունների՝ Արթուր Ճաղարյանը Ղալումյան եղբայրների հետ է բավականին մտերմիկ հարաբերությունների մեջ:
«Փաստ» օրաթերթը գրում է․
««Փաստ» թերթի տեղեկություններով, ԱԺ ՔՊ-ական որոշ պատգամավորներ, հատկապես պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում ընդգրկվածները լայն թափով լծվել են գրեթե բոլոր ոլորտներում (արդարադատություն, անվտանգություն, կրթություն և այլն) «վեթինգի» վերաբերյալ օրինագծի նախապատրաստական աշխատանքներին։ Խորհրդարանական մեր աղբյուրի փոխանցմամբ, նրանք դա փորձում են անել հնարավորինս փակ ռեժիմով, որպեսզի առայժմ հանրային լայն արձագանք չստանա և հավելյալ ուշադրության ու քննադատության թիրախ չդառնա, ինչպես դա եղավ նախորդ անգամ։
Ինչպես հայտնի է, երբ Նիկոլ Փաշինյանը փաստացի հրաժարվեց երկրում կոշտ վեթինգ իրականացնելու գաղափարից, ՀՀ-ում իրենց գործունեությունը ծավալող արևմտյան ֆինանսավորմամբ հայտնի կազմակերպությունների իրավաբանական «բլոկը» անընդհատ բոլոր հարթակներում տվյալ հարցը փորձում էր բերել հանրային օրակարգ և դարձնել առաջնային դիսկուրսի թեմա։ Թերթի տեղեկություններով, հենց տվյալ շրջանակների ջանքերի շնորհիվ է, որ հիշյալ հարցը դարձյալ հայտնվել է իշխանությունների տեսադաշտում։ Ավելին, տեղեկություններ կան, որ այս ընթացքում իշխող ուժի փորձագետներն արդեն մի քանի անգամ եղել են համապատասխան գրասենյակներում և որոշակի «կուրսեր» անցել»,-գրում է թերթը։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Ազգային ժողովի պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն անձամբ է որոշում, թե արտախորհրդարանական ուժերից որոնք պետք է ընդգրկված լինեն 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի կազմում։ Ինչպես հայտնի է, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն արդեն երկու անգամ հանդիպում է ունեցել արտախորհրդարանական ուժերի հետ եւ առաջարկել համագործակցել տարբեր ոլորտներում, այդ թվում` ներկայացվածություն ունենալ քննիչ հանձնաժողովի կազմում։
«Հրապարակ» թերթը գրում է. «ՀԱՊԿ արտգործնախարարների, պաշտպանության նախարարների եւ ԱԽ քարտուղարների համատեղ նիստին երեկ Հայաստանից մասնակցում էր ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։ Եթե Պնախարար Արշակ Կարապետյանը մի քանի օր է՝ Ռուսաստանում է եւ մեր սահմանային լարվածության հարցերով այնպիսի կարեւոր բանակցությունների մեջ է, որ անգամ մոր մահը չի ստիպել նրան՝ հրատապ վերադառնալ, ապա անհասկանալի է Արարատ Միրզոյանի բացակայությունն այս միջոցառումներից։ Երեկ ԱԳՆ մամուլի խոսնակը լրագրողներին փոխանցել էր, թե Միրզոյանն օդանավի անսարքության պատճառով չի մեկնել Դուշանբե։ Իսկ թե որն է չմեկնելու իրական պատճառը, ենթադրում են. «Հավանաբար, ավելի կարեւոր՝ եվրոպական պաշտոնյաների հետ հանդիպման օրակարգ ուներ, դրա համար չմեկնեց»։Նշենք, որ երեկ Միրզոյանը հանդիպել է Սլովակիայի արտաքին եւ եվրոպական գործերի նախարար Իվան Կորչոկի, մեկ օր առաջ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Ստեֆան Վիսկոնտիի եւ Ֆրանսիայի ԱԳՆ մայրցամաքային Եվրոպայի դեպարտամենտի փոխտնօրենի հետ: Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ չի բացառվում, որ ՀՀ-ի կողմից սա պատասխան է ՀԱՊԿ-ի` արցախյան պատերազմում եւ ՀՀ սահմանների ոտնձգությունների նկատմամբ ցուցաբերած անտարբերությանը»:
Մանրամասները՝ թեթրթերի այսօրվա համարներում։