Արարատի մարզպետ Ռազմիկ Թևոնյանը հետ է վերցրել հրաժարականի դիմումը: Այս մասին Armenia Today-ին հայտնեց մարզպետի օգնական Քրիստինե Պողոսյանը:
«Ռազմիկ Թևոնյանը շարունակում և կշարունակի կատարել իր աշխատանքային պարտականությունները»,- նշեց նա՝ մանրամասներ չներկայացնելով։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 9-ին Ռազմիկ Թևոնյանը հրաժարականի դիմում էր ներկայացրել։ Նա մարզպետ էր նշանակվել 2020 թվականի դեկտեմբերին։
Հավելենք, որ մամուլում մի քանի վարկած շրջանառվեց Ռազմիկ Թևոնյանի հրաժարականի պատճառների վերաբերյալ։
Դրանցից մեկի համաձայն՝ Արարատի մարզպետի հրաժարականը կապված է եղել, իբր, Տիգրանաշենի հանձնման մասին փաստաթուղթ ստորագրելու հետ, ինչին Թևոնյանն ընդդիմացել է։
Նա, սակայն, հերքել էր՝ նշելով, որ Տիգրանաշեն գյուղը հանձնելու մասին լուրերը հորինված են։ Մարզպետը պնդել է, որ նման հարց երբեք չի քննարկվել և չի քննարկվելու։