«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ներսում պատգամավորները բաժանվել են մի քանի թևերի: Ըստ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների՝ նույնիսկ կան անձինք, որոնք «սև ցուցակում» են գտնվում: Խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը ներսում այդքան էլ մեծ դերակատարում չունի, ուղղակի կերպար է, որին խմբակցությունը, մեղմ ասած, «չի ենթարկվում»:
Նույն կարգավիճակում է նաև խմբակցության քարտուղար Նազելի Բաղդասարյանը, որը նախկին խմբակցության քարտուղար Հակոբ Սիմիդյանի պես ուժային մեթոդներ չի կիրառում, անգամ չի կազմակերպում քվեարկությունները: Իհարկե, մեծ հաշվով, բոլորն իրականացնում են գործադիրից եկող հրահանգները, սակայն լոկալ հարցերում խմբավորումների ղեկավարներն են գործում. Տեղեկացանք, որ Անդրանիկ Քոչարյանը, Խաչատուր Սուքիասյանը ունեն իրենց խմբերը: Մի խումբ կա, որ ենթարկվում է Մարիա Կարապետյանին, մի խումբը ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի վերահսկողության տակ է, կան մարդիկ որոնք տարբեր հարցեր քննարկում են Հրաչյա Հակոբյանի հետ: Այսինքն՝ 72 հոգուց բաղկացած խմբակցությունը բաժանվել է «մասերի»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախի Ասկերանի շրջանի Աստղաշեն համայնքում պետական բնակարանաշինության ծրագրով իրականացվող շինաշխատանքներին վերջին օրերին իրանական անձնագրերով անձանց են ներգրավել։ Անհայտ ծագման բանվորների թիվն այս պահին շատ մեծ չէ՝ մոտ 2 տասնյակ, սակայն տեղացիներին անհանգստություն է պատճառել նրանց ներկայությունը։ Նրանք ոչ մի կերպ չեն հասկանում, թե ինչու են օտարներին աշխատանքի վերցրել, երբ, հատկապես պատերազմից հետո, Արցախում զբաղվածության խնդիրը սուր է դրված։ Աստղաշենի համայնքապետ Արթուր Գրիգորյանը հաստատեց, որ իրենց համայնքում ընթացող բնակարանաշինության աշխատանքներին օտարերկրացիներ են մասնակցում»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Հայաստանի քաղաքացիները լուրջ երկընտրանքի առաջ են կանգնած՝ պատվաստվել, թե՝ ոչ։ Այս դաշտում ապատեղեկատվությունը շատ է՝ հատկապես ոչ մասնագիտական դաշտից եկող, որը շատ հաճախ մարդկանց գցում է շփոթության մեջ։ Մարդիկ կանգնում են հարցի առաջ՝ պատվաստվել արդյոք, թե չպատվաստվել, և նրանց մեծ մասն ընտրում է երկրորդ տարբերակը։ Այս խնդրի շուրջ բազմաթիվ քաղաքացիներ դիմել են անգամ «Ժողովուրդ» օրաթերթին՝ նշելով, որ իրենք տրամադրված գնում են բժշկի՝ քննարկելու պատվաստման տարբերակը, հիասթափված հետ են վերադառնում։ Բանն այն է, որ շատ բժիշկներ նրբանկատորեն «հորդորում են» առայժմ չպատվաստվել, սպասել և այդպես իրենց պացիենտների մի մասին շփոթության մեջ են գցում»։
«Հրապարակ» թերթը գրում է. «Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքի պատգամավորներ Վահե Հակոբյանն ու Արմեն Գևորգյանն ապօրինի գույքի բռնագանձման օրենքի շրջանակներում հայտնվել են իրավապահների ուշադրության կենտրոնում։ Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ դատախազության` ապօրինի գույքի բռնագանձմամբ զբաղվող վարչությունում ուսումնասիրություններ են կատարվում այս պատգամավորներին պատկանող որոշ գույքերի օրինականության վերաբերյալ։
Հիշեցնենք․ օրերս արդարադատության նախարարը հայտարարեց, որ ապօրինի գույքի հետ կապված՝ շուրջ 300 գործ է քննվում: Ըստ որոշ լուրերի՝ նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի գործն էլ է «բացվել» ապօրինի գույքի ուսումնասիրության ընթացքում»:
«Իրավունք» թերթը գրում է. «Մեր օրերում հայտնի ֆիլմի մոտիվներով ոչ թե Նաջարյանն է փոշմանել, այլ Արարատի մարզպետ Թևոնյան Ռազմիկը: Դեռևս սեպտեմբերի 9-ին հրաժարական տված պաշտոնյան երեկ հետ վերցրեց իր հրաժարականի դիմումը:
Մինչդեռ որդին` ՔՊ-ական պատգամավոր Սեդրակ Թևոնյանը, լրատվամիջոցների հետ զրույցում պնդել էր, թե հոր հրաժարականը պայմանավորված է բացառապես մեծ տարիքով: Իսկ թե ինչպես ավագ Թևոնյանն ընդամենը մի քանի օրում հաղթահարեց տարիքային խնդիրները, թերևս, նույնիսկ ռուս պրիմադոննա Ալլա Պուգաչովան կնախանձեր:
Ինչևէ, ակնհայտ է, որ Արարատում իշխանության սցենարները փոխվել են, մինչդեռ մարզում ակտիվորեն շրջանառվում էին խոսակցություններ, թե Ռազմիկ Թևոնյանին փոխարինելու է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Արտաշատի տարածաշրջանային կառույցի ղեկավար Կառլեն Մկրտչյանը, որն այժմ զբաղեցնում է «Արտաշատ» ջրօգտագործողների ընկերության ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնը»: