Գորիս-Կապան միջպետական ճանապարհի Էյվազլար հատվածում ադրբեջանական ոստիկանական ուժերը վերջին օրերին գործողություններ են իրականացրել։ Այդ գործողությունները չեն տեղավորվում սահմանային խնդիրների տրամաբանության շրջանակներում։ Այս մասին խոհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասաց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր, ԱԺ պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։ Նա հստակեցրեց, որ ադրբեջանական ոստիկանները կանգնեցնում են իրանական մեքենաները և գումար են վերցնում նրանցից։
«Դա մաքսայի՞ն գործողություն է, թե պարզապես ապօրինի գործողություն է։ Հիշո՞ւմ եք, Օսիայում մի ժամանակ ամեն մեկն իր տան առաջ բլոկ-պոստ էր դրել և չլուծված խնդիրների շրջանակում գումար էին գանձում։ Հիմա Իրանի և Ադրբեջանի միջև պետք է ճշտեն, թե այս գործողությունները տեղավորվում են որպես մաքսակետի՞, թե՞ ապօրինի գործողությունների մեջ»,- ասաց Քոչարյանը և ընդգծեց, որ այդ գործողությունները չեն վերաբերում Զանգեզուրից Հայաստանի տարածք տեղաշարժերին։
Նա նշեց, որ ռուս խաղաղապահների ներկայությունը հնարավորություն է տալիս կրակոցներից խուսափելու, մինչև հասնենք դեմարկացիայի փուլ։
Քոչարյանը բացատրեց, որ այդ ճանապարհը շրջանցող ճանապարհի շինարարական աշխատանքներն ընթացքի մեջ են։ Բայց այլընտրանքային ճանապարհը շահագործվում է, և այս պահին որևէ լարվածություն չկա, հերթեր չկան։
«Սակայն ճանապարհի խնդիրն ամբողջությամբ լուծված չէ։ Կառավարությունը որոշում կայացրեց 1 միլիարդ դոլար ներդրում իրականացնել Քաջարան-Սիսիան ճանապարհի համար»,- հիշեցրեց պատգամավորը։