ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը դժվարանում է պատասխանել՝ որքա՞ն գումար կպահանջվի «Հյուսիս-Հարավ» ճանապարհի Քաջարան-Սիսիան հատվածի կառուցման համար։
Լրագրողների հետ ճեպազրույցում նա հայտնեց, որ նախագծային աշխատանքները դեռ չեն ավարտվել։
«Նախ, նախագծային աշխատանքներ են պատվիրվում և իրականացվում, որի շրջանակում նոր պարզ է դառնում, թե տեխնիկական լուծումները որոնք են և այդ տեխնիկական լուծումները որքան ծախս կպահանջեն: Բավական ծախսատար գործընթաց է՝ հաշվի առնելով ռելիեֆը, տեղանքը, որովհետև այնտեղ թե՛ կամուրջների ու թունելների անհրաժեշտություն կա, և թե՛ երկար ճանապարհի»,- նկատեց փոխվարչապետը։
Նա ընդգծեց, որ Գորիս-Կապան ճանապարհին ստեղծված իրավիճակը կարող է ազդել երկրի տնտեսության վրա։ Մհեր Գրիգորյանի խոսքով՝ հնարավորինս պետք է այլընտանքային ճանապարհներ ստեղծել, որպեսզի Գորիս-Կապան մայրուղուց կախվածությունը նվազի։ Ըստ փոխվարչապետի՝ եթե ալտերնատիվ ենթակառուցվածքային լուծում տանք, կբալանսավորվի իրավիճակը։
Անդրադառնալով ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի այն հայտարարությանը, թե Մոսկվան Բաքու և Երևան է փոխանցել հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման և սահմանագծման գործընթացի վերաբերյալ իր առաջարկները և սպասում է արագ պատասխանի՝ փոխվարչապետն արձագանքեց, որ սահմանազատման և սահմանագծման մասով որոշակի գործընթաց պետք է սկսել։
Հիշեցնենք՝ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում խոսել էր Գորիս-Կապան ճանապարհին ստեղծված իրավիճակից և հայտարարել, որ կառավարությունը նախատեսում է 487 մլրդ դրամ՝ մոտ 1 մլրդ դոլար հատկացնել «Հյուսիս-Հարավ»-ի Քաջարան-Սիսիան հատվածի շինարարությանը։